Դատապարտյալին տեղափոխում են «Նուբարաշեն». Նա մտավախություն ունի, որ այստեղ իրեն կսպանեն
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Դավիթ Մուրադյանի գործով տուժող դատապարտյալ Արտակ Հակոբյանի կյանքը վտանգի տակ է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը:
Հիշեցնենք Նուբարաշենի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու համար: Իսկ կաշառք պահանջել ու ստացել էր դատապարտյալ Արտակ Հակոբյանից: Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել և ստացել է 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 դրամի կահույք:
Կարինեն ասաց, որ իր ամուսինը, որը դատապարտվել է խուլիգանության համար, այժմ պատիժը կրում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, սակայն առաջիկա օրերին պատրաստվում են տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ պաշտոնյաների մեծ մասը թշնամանք ունեն իր ամուսնու նկատմամբ:
Այս գործով անցնում են Նուբարաշենի ներկայիս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Դավիթ Մուրադյանի կողմից կատարված հանցագործության բացահայտման արդյունքում տույժեր ու պաշտոնի իջեցումներ ստացան. «Նուբարաշեն»-ի պետի բոլոր տեղակալներից գնդապետ Սմբատ Բուղլադարյանը, սոցիալ-հոգեբանական գծով տեղակալ Կարապետ Մկրտչյանը, բուժմասի գլխավոր բժիշկ Վարդան Եղիազարյանը, ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովիկ Հակոբջանյանը: Նկատենք, որ վերջինները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ նիստի ժամանակ ներկա են եղել:
Այժմ Արտակ Հակոբյանի մոտ մտավախություններ են առաջացել: «Միտումնավոր ուզում են տեղափոխեն, որ ամուսնուս կամ թույնեն, կամ գլխին մի բան սարքեն: Էնքան հեշտ ա իրանց համար ասենք՝ հանձնուքի մեջ մի բան գցելը, թույնելը գլխին սարքելը» , -մեզ հետ զրույցում փոխանցեց Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը:
«Սա քրեորեն պատժելի է, սենց բան չեն կարող անել: Էս ամեն ինչը որոշել է քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Հովհաննիսյանը: «Նուբարաշեն»-ում բոլորը ամուսնուս թշնամի են, ո՞նց են տեղափոխում էդ հիմնարկ, թող տեղափոխեն «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ», -շարունակեց Կարինեն:
Նա նաև տեղեկացրեց, որ ԱՆ ՔԿՀ վարչության ղեկավարության այս որոշման դեմ որպես բողոքի նշան, իր ամուսինը՝ Արտակ Հակոբյանը, այսօրվանից հացադուլ է հայտարարում և սպառնում է դիմել ինքնասպանության:
Դավիթ Մուրադյանի գործով հաջորդ դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 4-ին:
Կարդացեք նաև՝
Արտակ Հակոբյանը կաշառքի գործով «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի վերաբերյալ ցանկանում է լուրջ հայտարարություններ անել
Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին պաշտոնյայի դատը հետաձգվել է