Մեքենան, որի մեջ եղել է Նավասարդյանի որդին, դեռ ՃՈ հատուկ պահպանվող տարածքում է
Երթևեկության կանոնների կոպիտ խախտումների ու վարորդական փաստաթղթերի ոչ համապատասխանության հետևանքով գիշերը քաղաքապետարանի մոտից ՃՈ հատուկ պահպանվող տարածք տարված մեքենան առայժմ այնտեղ է: Այս մասին Panorama.am-ին ասաց Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
Նրա խոսքով, մինչ այս պահը որևէ մեկը մեքենայի հետևից չի եկել, գալու դեպքում արձանագրություն կկազմվի:
Նշենք, որ shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր գիշեր ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Այն վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը, ով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:
Ըստ նույն աղբյուրի, գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից հետո ուղևոր Դ. Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է: Քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանության կենտրոնականի բաժին: Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Նա և ուղևորը ենթարկվել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում:
Մեկնաբանություն ստանալու նպատակով Հենրիկ Նավասարդյանին ուղղված Panorama.am-ի զանգերն անպատասխան մնացին: