Ս. Մարկեդոնով. Հայ-ռուսական հարաբերություններում ռազմավարական լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա նպատակ ունի մեղմել ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում առաջացած անբարենպաստ հոգեբանական ֆոնը: Այս մասին անդրադառնալով սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք այցին և հայ-ռուսական հարաբերություններին, «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Վաշինգտոնի «Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի» աշխատակից, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա դիտարկմամբ, հայ-ռուսական հարաբերություններում այդ անբարենպաստ հոգեբանական ֆոնը ձևավորվել է տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների, փորձագետների, դիտորդների և տարբեր մեկնաբանների «ջանքերի շնորհիվ», որի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե Մոսկվայի ու Երևանի միջև ի հայտ են եկել լուրջ տարաձայնություններ:
«Վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում կուտակվել են վիճելի մի շարք հարցեր, որոնք վերածվել են տհաճ հոգեբանական ֆոնի: Դա Հայաստանի եվրոպական ինտեգրումն է, ռուս-ադրբեջանական հարաբերությունները, մասնավորապես` զենքի վաճառքի գործարքը, ռուսական բնական գազի գնի թանկացումը և այլն: Սակայն խնդիրը նրանում է, որ այս հարցերը քննարկվել են դեռևս տարիներ առաջ: 2013թ.-ին պարզապես տեղի է ունեցել խնդիրների քանակական կուտակում, որոնք վերածվել են որակականի: «Արևելյան գործընկերության» մասին սկսել են խոսել 2008-2009թթ.-ին, իսկ ԵՄ-ի հետ հարևանության քաղաքականությունն` ավելի վաղ: Հայաստանի համար գազի սակագնի փոփոխությունը հայտնի է դարձել դեռ 2011թ.-ին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի զենքի գործարքին, ապա դրա արմատները հասնում են 2010թ.: Այդպիսով` ռուս-հայկական հարաբերություններում բոլոր վերջին զարգացումները նախկինում տեղի ունեցող գործընթացների տրամաբանական շարունակությունն է»,- նշել է քաղաքագետը` փաստելով, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի ռազմավարական կարևոր փոփոխություն տեղի չի ունեցել:
Փորձագետը «ուռճացված է» համարել եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների միջև Հայաստանի` ընտրության առաջ կանգնելու մասին պնդումները:
«Հայաստանում, իհարկե, կան եվրաինտեգրման վառ կողմնակիցներ, սակայն այդ հատվածը այնքան էլ ուժեղ չէ: Նման որոշակի տրամադրություններ կան, սակայն դա ևս նորություն չէ: Պարզապես Ռուսաստանի որոշ գործողություններ կարող է դուրեկան չլինեն հայկական քաղաքական իսթեբլիշմենթին, կարող են թվալ չափազանց ծանր կամ չափազանց անհարմար: Սակայն եվրաինտեգրման կողմնակիցները ոչ միշտ են օբյեկտիվ: Օրինակ, երբ նրանք Ռուսաստանին մեղադրում են Ադրբեջանի հետ համագործակցության համար, նրանք չեն ասում, որ նույն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նույնպես բաց չեն թողնում Բաքվին տեսադաշտից: Նրանք չեն ասում, թե Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը կարող է ստիպել ԱՄՆ-ին վերանայել իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, ստիպել եվրոպացիների հրաժարվել էներգակիրների այլընտրանքային աղբյուրներից, ստիպել բրիտանացիներին չեղյալ համարել էներգետիկ գործարքները: Երբ խոսում են Գյումրիում ռուսական ռազմաբազայի և այն մասին, որ դա «վատ է», ապա ի՞նչ, եվրոպացիները պատրա՞ստ են տեղակայել իրենցը: Մի խոսքով, այստեղ շատ նրբություններ կան: Հարցի ևս մեկ հետաքրքիր կողմ. Եվրոպայի օգտին միանշանակ ընտրության մասին խոսում են փորձագետներ, դիտորդներ, իսկ ԶԼՄ-ները տարբերվում են իրենց դավադրությունների տեսություններով, սակայն պետությունների առաջին դեմքերը նման բաների մասին չեն խոսել և առիթ չեն տվել մեկնաբանել տեղի ունեցողը հենց այդ տրամաբանությամբ»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը: