Դատապարտյալին կտեղափոխեն ոչ թե «Նուբարաշեն», այլ «Էրեբունի» ՔԿՀ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արտակ Հակոբյանը, որը նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալի գործով տուժող է, կտեղափոխվի ոչ թե «Նուբարաշեն» այլ «Էրեբունի» ՔԿՀ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը` մեկնաբանելով այսօրվա մեր հրապարակումը:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ խուլիգանության համար դատապարտված Արտակ Հակոբյանին «Արթիկ» ՔԿՀ-ում տեղեկացրել էին, որ իրեն առաջիկա երկու օրերի ընթացքում կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի կարողանա մասնակցել դատական նիստերին: Արտակի կինը` Կարինե Հակոբյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ «Նուբարաշեն»-ում Դավիթ Մուրադյանի գործի շրջանակներում բազմաթիվ պաշտոնյաներ կամ կարգապահական տույժի էին ենթարկվել, կամ էլ նրանց պաշտոնն էր իջեցվել: «Միտումնավոր ուզում են տեղափոխեն, որ ամուսնուս կամ թույնեն, կամ գլխին մի բան սարքեն: Էնքան հեշտ ա իրանց համար ասենք՝ հանձնուքի մեջ մի բան գցելը, թույնելը գլխին սարքելը», -մեզ հետ զրույցում փոխանցել էր Արտակ Հակոբյանի կինը:
Սակայն Գոռ Ղլեչյանը վստահեցրեց, որ Արտակ Հակոբյանը «Նուբարաշեն» չի տեղափոխվի:
Հիշեցնենք Նուբարաշենի պետի տեղակալ Դավիթ Մուրադյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու համար: Իսկ կաշառք պահանջել ու ստացել էր դատապարտյալ Արտակ Հակոբյանից: Քրեական գործի նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբեր դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել և ստացել է 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դրանից, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 դրամի կահույք:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի
Կարդացեք նաև`
Դատապարտյալին տեղափոխում են «Նուբարաշեն». Նա մտավախություն ունի, որ այստեղ իրեն կսպանեն