Ս. Մինասյան. Նախագահները կքննարկեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև վաղը` սեպտեմբերի 3-ին կայանալիք հանդիպման և հայ-ռուսական հարաբերությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, վաղը` սեպտեմբերի 3-ին, աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ: Ի՞նչ օրակարգային խնդիրներ կան այսօր հայ-ռուսական հարաբերություններում:
-Այցի շրջանակում քննարկվող խնդիրներից առաջնայինը կլինի Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության կամ համապատասխան ձևաչափի որոշման հարցը: Տեղեկատվական դաշտի և պաշտոնական մեկնաբանություններից երևում է, որ այդ հարցը բավական ակտիվ կքննարկվի:
-Որոշ փորձագետներ կարծում են, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում` կապված Ադրբեջանին մեծ ծավալի զենքի վաճառքի, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի հետ և այլն: Ոմանք էլ պնդում են, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ըստ Ձեզ, ո՞րն է ավելի մոտ իրականությունը:
-Կարծում եմ` կա որոշակի լարվածություն: Սկզբում ընթանում էին բանակցություններ, սակայն հետո, կարծես, Մոսկվայում որոշվեց Հայաստանի առաջ կտրուկ դնել Մաքսային միությանն ինտեգրվելու հարցը` չնայած մինչ այդ Մոսկվան Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին հանգիստ էր վերաբերում: Այն հոգեբանական խնդիրները , որ ի հայտ եկան Ռուսաստանի մոտ Ուկրաինայի հետ կապված, անդրադարձան նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա:
-Մոսկվայում կա՞ արդյոք ընկալում Հայաստանի որդեգրած փոխլրացնող արտաքին քաղաքականության հարցում, ըստ որի`«և-և» սկզբունքը հնարավոր է և չկա հակասություն եվրաինտեգրման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման միջև:
-Ինձ մոտ տպավորություն էր, որ սթափ գործիչները Ռուսաստանում ընկալում էին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, սակայն հոգեբանական գործոնը Ուկրաինայի հետ հարաբերություններում անդրադարձավ նաև Հայաստանի վրա: Կոմպլեմենտար քաղաքական ուղղությունը կշարունակվի, պարզապես այս պահին Եվրամիության հետ կապված Հայաստանի ակնկալիքները կարող է այդքան արագ չիրագործվեն կամ ոչ այնպես, ինչպես ակնկալում էր հայ հասարակությունը:
- Ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Արցախյան խնդրի կարգավորման համատեքստում:
Արցախյան խնդիրն այն խնդիրն է, որը կարևորագույն լծակներից է Ռուսաստանի համար Հայաստանի հետ բանակցություններում: Եթե Հայաստանը ակտիվորեն ներգրավվի Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացում, կարծում եմ հենց ԼՂՀ հարցում լուրջ խնդիրներ չեն լինի, քանի որ Ռուսաստանի հետ համագործակցությունը իր մեջ ներառում է նաև անվտանգության խնդիրը: Այսինքն, եթե Ռուսաստանը պարտադրում է Հայաստանին Մաքսային միության հարցում հստակ դիրքորոշում հայտնել, ապա դա նշանակում է, որ եթե Հայաստանը անի այդ քայլը, ապա անվտանգության գործոնը Հայաստանի համար ավելի բարենպաստ կլինի: Դա Հայաստանի կողմից ակնկալվող քայլերի գինն է: