ՄԱԿ. Սիրիական համակարտությունը 7 մլն մարդու դարձրել է փախստական
Սիրիական հակամարտության արդյունքում մոտ 7 մլն մարդ դարձել է փախստական, որը կազմում է Սիրիայի բնակչության մոտ մեկ երրորդը:
«Ռոսբալտ» լրատվական գործակալությունը, հղում անելով փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի սիրիական ներկայացուցիչ Թաիկա Քուրդիի հայտարարությանը, հայտնում է, որ 2 մլն մարդ լքել է Սիրիան, իսկ 5 մլն-ը հանդիսանում են ներքին տեղահանվածներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառումից հետո թեժացել է Սիրիայի հակամարտությունը: ԶԼՄ-ների տեղեկություններով` քիմիական զենքը կիրառել է Սիրիայի բանակը, ինչին զոհ է դարձել մոտ 1300 մարդ: Այդ տեղեկություններից հետո արևմտյան պետությունները քննարկում են Սիրիայում ռազմական գործողություն սկսելու նպատակահարմարության հարցը:
Թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու ՆԱՏՕ-ի անդամ մոտ տասնյակ պետություններ հրաժարվել են մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտության մասին: Բ. Օբաման հարցը փոխանցել է Կոնգրեսի քննարկմանը, որի հավանությունից հետո ԱՄՆ-ն կարող է ռազմական հարձակում սկսել Սիրիայի դեմ: