Ասադ. Սիրիայի վրա հարձակման դեպքում մեծ է տարածաշրջանային պատերազմի ռիսկը
Ամերիկացի օրենսդիրները պետք է մանրամասն ներկայացնեն բոլոր փաստարկները, նախքան Սիրիայում հնարավոր ռազմական գործողության մասին որոշում կայացնելը: Անհրաժեշտ է հիշել Իրաքում և Լիբիայում նմանատիպ ներխուժումների փորձերը, որոնք այդ երկրներին բարօրություն և խաղաղություն չբերեցին: Այս մասին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Նա, ով մեղադրում է, պետք է ապացույցներ ներկայացնի: Մենք մարտահրավեր ենք նետել ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ պահանջելով թեկուզ մեկ հաստատում ներկայացնել: Օբաման և Օլանդը չեն կարողացել դա անել, նույնիսկ սեփական ժողովրդի առջև…Եթե ամերիկացիների, ֆրանսիացիների կամ բրիտանացիների մոտ գոնե մեկ ապացույց լիներ, ապա այն կներկայացնեին առաջին իսկ օրը»,-ասել է Ասադը՝ զարմանք հայտնելով, որ իր բանակին մեղադրել են այն պահին, երբ այն առավել լավ դիրքեր ուներ:
«Ինչու՞ ինչ-որ երկրի բանակ պետք է դիմի զանգվածային ոչնչացման զենքին այն պահին, երբ հաջողության է հասնում սովորական սպառազինության միջոցով: Ենթադրենք, որ մեր բանակը ցանկանում էր զանգվածային ոչնչացման զենք օգտագործել, հավանակա՞ն է, որ նա անի այն վայրում, որտեղ ինքն է գտնվում և որտեղ նույն զենքից իր զինվորները են վիրավորվել: Դա փաստագրվել է ՄԱԿ տեսուչների կողմից, երբ նրանք հիվանդանոց էին այցելել: Որտե՞ղ է տրամաբանությունը»,-հարցրել է Սիրիայի նախագահը:
Խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունների մասին՝ Ասադն ընդգծել է, որ հիասթափված է նրա քայլերից: «Որոշները նրանում տեսան մեծ պետության առաջնորդի, քանի որ նա Սիրիային սպառնաց պատերազմով: Մենք գտնում ենք, որ ուժեղ ղեկավարը նա է, ով կանխում է պատերազմը, այլ ոչ թե թեժացնում է այն»,-նշել է Ասադը՝ անդրադարձ կատարելով նաև Ֆրասնիայի դիրքորոշմանը:
«Ֆրանսիացի ժողովուրդը մեր թշնամին չէ: Եթե Ֆրասնիայի քաղաքականությունը թշնամական է սիրիացի ժողովրդի հանդեպ, ապա այդ պետությունը մեր թշնամին կլինի: Թշնամությանը վերջ կտրվի, եթե Ֆրանսիան փոխի իր քաղաքականությունը: Կլինեն բացասական հետևանքներ, իհարկե Ֆրանսիայի շահերի համար»,-փաստել է Ասադը:
Պատասխանելով հնարավոր ռազմական հարձակմանը՝ Սիրիայի նախագահը ընդգծել է, որ դեպքերի նման զարգացումը մեծ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության համար:
«Մերձավոր Արևելքը նման է վառոդի տակառի, և այժմ նրան է մոտենալու կրակը: Անհրաժեշտ է խոսել ոչ միայն սիրիական պատասխանի, այլև այն մասին, թե ինչ տեղի կունենա առաջին հարվածից հետո: Ոչ մեկը չգիտի, թե ինչ տեղի կունենա: Իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ կկորի, և տակառը կպայթի: Տարածվելու են քաոսը և ծայրահեղականությունը: Կա տարածաշրջանային պատերազմի ռիսկ»,-ասել է Ասադը՝ ավելացնելով, որ ճգնաժամի քաղաքական կարգավորումը հնարավոր էր սկզբում, իսկ այժմ իրավիճակն այլ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում