Ա. Աստաբացյան. Երրորդ երկիր տեղափոխվելու հարցում ԿԽՄԿ-ի մասնակցությունը շատ սահմանափակ է
Իսկապես, ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, ինչի արդյունքում գերին ու նրա ընտանիքը փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Անդրադառնալով Panorama.am-ի այն հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ, ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը:
Հարցին, թե շարունակվում են լուրեր շրջանառվել այն մասին, թե հայ ռազմագերին ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր, նույնիսկ լուրեր կային, որ գործընթացը պրոցեսի մեջ է, վերջինս ասաց. «Միայն կարող եմ ասել, որ եթե այդ հարցում որևէ նորություն լիներ, հասարակությանը կտեղեկացվեր: Միաժամանակ նշեմ, որ երրորդ երկիր տեղափոխվելու հարցում ԿԽՄԿ-ի մասնակցությունը, եթե իհարկե կա մասնակցություն, շատ սահմանափակ է: Մեր հանձնառությունը, մեր մանդատը այդ գործընթացում, սպառված է: Մենք միայն հավաստիանում ենք, որ զինծառայողն իր հոժար կամքով է նման քայլի դիմում, իսկ մնացած պրոցեսում մենք ընդգրկված չենք»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է: