«ՖԱՐՍ». Իսրայելը տնտեսական գործունեության անվան տակ Ադրբեջանում զբաղվում է հետախուզությամբ
«Իսրայելը տնտեսական գործունեության անվան տակ Ադրբեջանում զբաղվում է հետախուզությամբ»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա տնտեսական հարաբերություններին, նշում է. «Այն պարագայում, երբ Բաքվում Իրանի առևտրի կենտրոնի և իրանական ապրանքների մշտական ներկայացուցչության հիմնարկեքի արարողությունից անցել է 4 տարի և այդ ուղղությամբ դեռևս որևէ քայլ չի կատարվել, Իսրայելը պատրաստվում է Իսրայել-Ադրբեջան Առևտրի և արդյունաբերական պալատի բացման արարողությանը»:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը, վկայակոչելով Ադրբեջանի վիճակագրական ծառայությանը, նշում է, որ եթե 2007թ. Իսրայելի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր 400 միլիոն դոլար, ապա 2012թ. այն աճել է՝ հասնելով 1 միլիարդ 728 միլիոն դոլար:
«Իսրայելն Ադրբեջանում էներգետիկայի, կապի և գյուղատնտեսության ոլորտում մեծ ազդեցություն ունի, և ինչպես փորձն է ցույց տալիս, Իսրայելը տնտեսական գործունեության անվան տակ Ադրբեջանում զբաղվում է հետախուզությամբ»,-եզրափակում է իրանական աղբյուրը:
Նախորդող հրապարակում՝
«ՖԱՐՍ». Իսրայելն Ադրբեջանում վարձակալած հողատարածքներում հետախուզական սարքավորումներ է տեղադրել