Գ. Մինասյան. Հայկական պատվիրակությունը հնարավորություն չունի մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնաժողովի նիստին
Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիայի և բնապահպանական հարցերի հերթական նիստը տեղի է ունենալու Ադրբեջանում: Այս փաստի շուրջ Panorama.am-ը զրուցեց հանձնաժողովի ղեկավարը, կազմակերպությունում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, փաստորեն սեպտեմբերի 4-5-ը Ադրբեջանի Գյանջա քաղաքում պետք է տեղի ունենա Սևծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարանական Վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Ձեր կողմից ղեկավարվող հանձնաժողովի հերթական նիստը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու այդ նիստում և մասնակցելու են արդյոք մեր պատգամավորները այդ նիստին:
Սեպտեմբերի 4-5-ը Գյանջայում պետք է տեղի ունենա վեհաժողովի Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիայի և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Այդ հանձնաժողովի աշխատանքները արդեն երրորդ ժամկետն անընդմեջ ղեկավարում եմ ես: Ի դեպ վեհաժողովի քսանամյա պատմության մեջ սա եզակի դեպք է, վեհաժողովի որևէ այլ պատգամավորի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովի օրակարգում երկու հիմնական հարց է ընդգրկված: Հանձնաժողովը պետք է քննարկի և ընդունի զեկույց «Կլիմայի գլոբալ փոփոխությունները. պատճառներ, ազդեցություն և հնարավոր հետևանքներ ՍԾՏՀ անդամ երկրների համար» թեմայով, հաջորդ հարցը հանձնաժաղովի նախագահի ընտրության հարցն է:
Առաջին անգամը չի, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որպեսզի ես մասնակցեմ Ադրբեջանում գումարվող ՍԾՏՀ ԽՎ և վեհաժողովի հանձնաժողովի նիստերին: Նույն պատմությունը կրկնվում է այս անգամ: Դեռ հուլիսի 24-ին ես պաշտոնական նամակ եմ հղել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարին, որում նշել էի, որ հայկական պատվիրակությունը` ես և պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը պատրաստ ենք մասնակցել Գյանջայում նախատեսված նիստին, եթե ադրբեջանական կողմը երախշխավորի մեր անվտանգությունը: Գլխավոր քարտուղարը սահմանված կարգի համաձայն դիմումը փոխանցել էր ադրբեջանական կողմին: Երբ շուրջ մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը որևէ կերպ չպատասխանեց դիմումին, օգոստոսի 26 ին ես երկրորդ նույնաբովանդակ նամակը հղեցի վեհաժեղովի գլխավոր քարտողարին, այս նամակը ևս փոխանցվել է ադրբեջանական կողմին, մինչ այժմ որևէ պատասխան չկա:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում հանձնաժողովի նախագահի ընտրություններ են, չե՞ք կարծում, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը պայմանավորված է նրանով, որ Ձեզ թույլ չտրվի մասնակցելու հանձնաժողովի նախագահի ընտրություններին:
-Չեմ կարող բացառել այդ պատճառը, սակայն քանի որ սա առաջին դեպքը չի որ ինձ թույլ չի տրվում մասնակցելու իմ ղեկավարած հանձնաժողովի նիստերին, ես հակված եմ մտածելու, որ ադրբեջանական կողմի համար չափազանց անհարմար իրավիճակ կստեղծվի, այն առումով, որ երբ ադրբեջանում մոլեգնող հակահայ հիստերիայի ֆոնին միջազգային կառույցի աշխատանքները Ադրբեջանում ղեկավարի Հայաստանի խորհրդարանի անդամը, ի դեպ սա միայն ենթադրություն չէ: