Իբրահիմբեկովը որոշել է չվերադառնալ Ադրբեջան
Դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, ով ցանկանում էր որպես ընդդիմության միասնական թեկնածու մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին, որոշել է մնալ արտասահմանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:
«Ես պետք է վերադառնայի որպես ընդդիմության միասնական թեկնածու, իսկ հիմա իմ վերադարձն Ադրբեջան անիմաստ է» , - հայտարարել է Իբրահիմբեկովը` հույս հայտնելով, որ, մնալով արտասահմանում, կարող է ավելի օգտակար լինել Ադրբեջանի ժողովրդավար ուժերին:
Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել է գրանցել Իբրահիմբեկովի թեկնածությունը` պատճառ բերելով նրա երկքաղաքացիությունը: Վերջինս հանդիսանում է միաժամանալ Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի և վերջին շրջանում մշտապես բնակվում էր: Ռուստամ Իբրահիմբեկովը փորձել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն գործընթացը դեռևս ավարտին չի հասել:
Աղբյուրի փոխանցմամբ, Իբրահիմբեկովը ԿԸՀ-ի որոշումը բողոքարկել է Բաքվի Վերահսկիչ դատարանում, սակայն մերժում է ստացել: Ապա բողոքարկել է նաև Վճռաբեկում, սակայն, ինչպես ինքն է ասում, արդյունքի հասնելու որևէ հույս չունի:
Իբրահիմբեկովը հայտարարել է, որ ստեղծված իրադրությունում սատարելու է ընդդիմության «պահեստային միասնական թեկնածուին» ` Ջամիլ Հասանլիին: Վերջինիս ադրբեջանական միասնական ընդդիմությունը դիտարկում էր որպես «պահեստային թեկնածու»` Իբրահիմբեկովի չմանսակցելու դեպքում առաջադրելու համար:
Իբրահիմբեկովը հանդիսանում է մի շարք պիեսների և կինոֆիլմերի սցենարիստ, որոնցից ամենահայտնին «Անապատի սպիտակ արևը» ֆիլմն է:
Մի քանի ամիս առաջ Իբրահիմբեկովը գլխավորեց «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» միությունը, որի նպատակն էր Ադրբեջանի կառավարությունը ավտորիտար ռեժիմից խաղաղ ճանապարհով ժողովրդավարակին փոխանցումը: Այս միության կողմից էլ հետագայում Իբրահիմբեկովն առաջարկվեց որպես ընդդիմության միասնական թեկնածու:
Ջամիլ Հասանլին մասնագիտությամբ պատմաբան է, նախկինում պատգամավոր է եղել: Վերջինս, ադրբեջանական ԶԼՄ-ների հավաստմամբ, մեծ ընտրազանգված չունի, և նրան նույնիսկ Բաքվում հազիվ թե ճանաչում են:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա հոկտեմբերին: Ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը: Նախորդ ընտրություններին Ալիևը, պաշտոնական տվյալներով, հավաքել է ձայների 89 տոկոսը: