Ճապոնիայի հավաքականը ժամանել է Երևան
Դեռևս տարեսկզբին (փետրվարին) գրել էինք Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարների երևանյան այցի մասին: Նրանց հավաքականի մենեջեր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, գեղասահքի երևանյան դպրոցի շրջանավարտ Արարատ Զաքարյանն ասել էր, որ Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1-1,5 ժամում Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք:
Եվ ահա Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում սեպտեմբերի մեկից մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք սկսեց Ճապոնիայի գեղասահքի հավաքականը: Նրանք բոլորը հեղինակավոր մարզիկներ են` աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեֆան Լամբիել, Նոբունարի Օդա, Տատսուկե Մաչիդա, Ակիկո Սուզուկի և Սատոկո Միհարա:
Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչներ Հիդեիտո Իտոն, Տացուրո Մացումորոն և մարզիկներն արդեն հասցրել են մանրամասն ուսումնասիրել սահադաշտը և մեծ տպավորություն են ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և մանավանդ «արագ» սառույցը: Ա. Զաքարյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցին ասել է, որ թիմը Երևանից կմեկնի սեպտեմբերի վեցին: Բայց Սոչիի օլիմպիական խաղերից առաջ ծագող արևի երկրի ընտրանին կրկին կժամանի Երևան, կպարապի մարզահամերգայինում, կհաղթահարի կլիմայավարժեցման փուլը, որից հետո կմեկնի Սոչի:
Ճապոնացի մարզիկ-մարզուհիների պարապմունքներին ականատես կլինեն նաև Հայաստանի առաջատար և հեռանկարային գեղասահորդները: