Ըստ Երևանի պոլիկլինիկաների` ինսուլինի բավարար խմբաքանակով ապահովված են
Facebook սոցիալական ցանցում երաժիշտ Գիսանե Պալյանն այսօր ահազանգ է հնչեցրել այն մասին, որ Երևանի պոլիկլինիկաները նորից մնացել են առանց ինսուլինի և դրա կարիքն ունեցող հիվանդները, փաստորեն, չեն ստանում անհրաժեշտ դեղորայքը:
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործով թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, սակայն, ասաց, որ ընդամենը օրերս են ստացել անհրաժեշտ դեղորայքի` և ինսուլինի, և դեղահաբերի խմբաքանակը և որևէ խնդիր իրենց հիվանդներն այս իմաստով չունեն.
«Ցանկացած պահին մեր հիվանդները կարող են ստանալ ինսուլին, քանի որ ապահովված ենք դրանով»,- նշեց տնօրենը:
Ճշտող հարցին, թե ստացված խմբաքանակը որքան ժամանակ կարող է բավականացնել դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիներին, տիկին Հայրապետյանն ասաց, որ չի կարող ասել կոնկրետ ժամկետներ, բայց «բավականին» ժամանակ.
«Եվ հաբերով, և ինսուլինով բավականին ապահովված ենք, այնպես որ մեր քաղաքացիները անհանգստանալու տեղիք չունեն»,- հավաստիացրեց նա:
Թիվ 1 պոլիկլինիկան գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Լեո փողոցի վրա, մտածեցինք` գուցե գոտիավորումը այս հարցում էլ կապ ունի: Սակայն մեր հարցումից պարզեցինք, որ ծայրամասային պոլիկլինիկաները ևս ապահովված են ինսուլինով, մասնավորապես` Երևանի Շահումյանի շրջանի ամբողջ բնակչությանը սպասարկող թիվ 15 պոլիկլինիկայի ավագ քույրը տեղեկացրեց, որ պոլիկլինիկան ինսուլինի խմբաքանակ ստացել է դեռ անցած շաբաթ և այն քաղաքացիներին տրամադրելու գործընթացը ընթանում է բնականոն. «Որևէ մեկը առանց ինսուլին չի մնացել ու չի մնա»,- հավաստիացրեց ավագ քույրը:
Նույն պատասխանը ստացանք նաև Դավիթաշենի 4-րդ թաղամասում տեղակայված թիվ 20 պոլիկլինիկայից` ինսուլիսը ստացել են, ապահովված են, քաղաքացիների պահանջարկը կբավարարվի ինչպես որ հարկն է: