Ա.Արեշև. Համաձայնեցված փաստաթղթերը ամենևին էլ չեն բացառում Երևանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ
«Հայաստանում պրոեվրոպական ուժերի ավելորդ էմոցիոնալությունը ինձ փոքր-ինչ արհեստական է թվում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ու ըստ այդմ համաձայնեցված փաստաթղթերը ամենևին էլ չեն բացառում Երևանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ առանձին ուղղություններով»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքները ասաց ՌԴ հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Նրա խոսքով, հայկական կողմի «և-և» սզբունքը, որի մասին վերջերս հայտարարել էր նախագահ Սարգսյանը, հենց եվրոպացիների համար ընդունելի չէր և նրանց թիկունքում կանգնած ԱՄՆ-ի, որոնք թեև ոչ ուղղակի, բայց տնտեսական համագործակցության հարցերը կապում էին բոլորովին այլ խնդրի հետ.
«Վերջ. ՀՀ իշխանությունների համար այս ամենը պահանջում էր հստակեցնել առաջնահերթությունները, ինչն էլ, փաստորեն, արվեց Մոսկվայում` հաշվի առնելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ռուսական շուկայի կարևորությունը հայկական գյուղատնտեսական ապրանքների, աշխատանքային միգրացիայի համար և այլն» ,- թվարկեց քաղաքագետ Արեշևն ու ավելացրեց` այն, ինչի մասին հայտարարվեց, տրամաբանական, ավելին` կանխատեսելի քայլ էր:
Նա նաև նշեց, որ նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա կարող էր և չկայանալ, եթե վստահություն չլիներ, որ դրա արդյունքներով կարվեն բավականին լուրջ, պարտավորեցնող հայտարարություններ: Երկարատև հեռանկարում մոսկովյան այս բանակցությունները, ըստ Արեշևի, կնպաստեն Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ներքաղաքական կայունության ամրապնդմանը հերթական քաղաքական սեզոնին ընդառաջ, որը կարող է այդքան էլ հեշտ չլինել:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. Հայաստանի որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ