Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի մեքենան վրաերթի է ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին
Նախորդ օրը Բաքվում` Սպայի տան դիմաց, մի խումբ քաղաքացիներ փակել են ճանապարհը և փորձել են շրջափակել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովի մեքենան: Ընդ որում, ադրբեջանական «Սալամնյուզ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ գեներալին ուղեկցող սպաները հրամայել են վարորդին չարգելակել: Արդյունքում մի քանի անձ ստացել է մարմնական վնասվածքներ: Քաղաքացիները չեն հավատում, որ վրաերթը կատարվել է առանց փոխնախարարի հրամանի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ քաղաքացիներին կոչ է արել հարգել «նոր չափանիշները»: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ գրված է. «Ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև երկրի ամբողջ կրթական համակարգում, բարեփոխումներ են իրականացվում: Այդ պատճառով պաշտպանության նախարարությունը Ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի միջնորդությամբ անցկացնում է ընդունելություն ռազմական կրթական հաստատություններում: Սակայն ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաներն ընդունվեն այդ հաստատություններ` անկախ նրանց հավաքած ցածր միավորների: Մենք խորհուրդ ենք տալիս այդ ծնողներին հարգանքով վերաբերվել նոր չափանիշներին, որոնք կիրառվում են ռազմական կրթական հաստատություններում»:
Նշենք, որ նախորդ օրը «Haqqin.az» ադրբեջանական պորտալը հաղորդել էր, որ փոխնախագահի մեքենան շրջափակած քաղաքացիները նրանից պահանջել են դուրս գալ մեքենայից և լսել իրենց խնդիրները: Քաղաքացիների այդ վարքագծի պատճառն այն էր, որ Ջամշիդ Նախիջևանսկու անվան ուսումնասարանում կրթություն ստացող ուսանողները ստիպված են կրկին քննություն հանձնել Բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար: Այդ կապակցությամբ 40 դժգոհ ծնողներ իրենց բողոքներով եկել էին նախարարի տեղակալի մոտ, սակայն վերջինս ձեռքը թափահարել և ասել է, որ ոչնչով չի կարող օգնել: Արդյունքում զայրացած ծնողներն արգելափակել են նրա մեքենայի ճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում