«Ոստիկանները հեշտ չեն պրծնելու». Բարսեղյանն ու Զեյնալյանը ոստիկանությանը շարունակություն են խոստանում
«Սա միայն Լևոն Բարսեղյանի գործը չէ: Լևոն Բարսեղյանը, իր իրավունքները պաշտպանելով, պաշտպանում է հանրության յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները: Խախտված իրավունք պիտի չմնա: Լևոն Բարսեղյանը ստեղծում է օրինակելի իրավակիրառական պրակտիկա, որը պիտանի կլինի մյուսների համար», -այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք` 2011 թվականին Երևանում անկախության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի օրը ֆեյսբուքից տեղեկանալով, որ օտարերկրյա դրոշներ ու զորքեր են մասնակցելու, միացել է ինքնաբուխ կազմակերպված բողոքի ակցիային` մեր անկախության շքերթին ընդդեմ օտարերկրյա զորքերի ու դրոշների առկայության: Բողոքի ակցիայի ժամանակ ծավալվել էր մի պատմություն ոստիկանների հետ, ոստիկան Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, որն այն ժամանակ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի տեղակալն էր: Բռնի ուժով ոստիկանություն էին տարել Լևոն Բարսեղյանին ու Առնո Կուրին, 3 ժամ ապօրինաբար պահել ու շքերթի ավարտվելուց հետո նոր միայն բաց էին թողել: Լևոն Բարսեղյանն էլ դատի էր տվել ոստիկաններին`1,5 տարի տևած դատավարությունից հետո շահելով դատը. Հայաստանի Վարչական դատարանը ճանաչել էր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, հավաքների ազատության սահմանադրական իրավունքների խախտման փաստը ոստիկանների կողմից:
«Ես հույս չունեի ու էդ դատական քաշքշոցից հոգնել էի ու Արտակին ասեցի` արի վերջ տանք, մեկա կրվելու ենք: Բայց Արտակն ասեց` չէ, արի փորձենք, նախադեպ է»,-փոխանցեց Լևոն Բարսեղյանը: Վարչական դատարանում, ըստ Բասեղյանի, ոստիկանների վկայությունները ամենազավեշտալին են եղել. պարզվել է, որ ոստիկանները պաստառները վերցրել են, քանի որ «ռասիստական, ռուսական բաներ» են գրված եղել դրանց վրա, մինչդեռ դրանցում, ըստ Բարսեղյանի գրված է եղել` «Ազատ, անկախ Հայաստան»:
«Իրականում շշմելի վճիռ է. առաջին անգամ է, որ ճանաչվել է քաղաքացու ազատության իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Միլիցեքը ինձ մինչև հիմա 8000 դրամ են պարտք» -հավելեց Լևոն Բարսեղյանը:
Արտակ Զեյնալյանն ու նրա պաշտպանյալը խոստանում են, որ այս գործընթացը շարունակական է լինելու:
«Մենք մեր գործողությունների ստրատեգիական պլանների մասին չենք խոսի: Շարունակություն անպայման լինելու է: Լևոն Բարսեղյանը միակը չէ, խախտված իրավունք չպետք է մնա, նա ստեղծում է օրինակելի իրավակիրառ պրակտիկա, որը կիրառելի կլինի», -հայտարարեց Զեյնալյանը:
«Հեշտ չեն պրծնելու ոստիկանները, շարունակելու ենք ուղղակի չենք կարող այս պահին բացահայտել, թե ինչ ենք անելու», -հավելեց Բարսեղյանը:
Կարդացեք նաև`
Դատարանը ճանաչել է ոստիկանների կողմից Բարսեղյանի խոսքի ազատության խախտման փաստը