Արդյո՞ք պատերազմի դեպքում Իրանը Սիրիային զենք կտրամադրի. ԻԻՀ ՊՆ պատասխանը
«Սիրիացիները կարիք չունեն, որ մենք նրանց ապահովենք հատուկ սպառազինությամբ»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
ԻԻՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա ռազմական հարձակման հավանականությանը, մասնավորապես նշել է. «Աֆղանստանում և Իրաքում ունեցած փորձը հաշվի առնելով՝ ամերիկացիները Սիրիա ներխուժելու հետ կապված որոշակի անհանգստություններ ունեն: ԱՄՆ-ն վստահ չէ, որ հաջող և վերահսկելի գործողություններ կունենա, քանի որ պատերազմի սկսելը նրանց գործն է, սակայն այնպես չէ, որ դրա ավարտն էլ են իրենք որոշելու»:
Այն հարցին, թե Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում Իրանը զենք կտրամադրի՞ Սիրիային, Հոսեյն Դեհղանը պատասխանել է. «Սիրիացիները կարիք չունեն, որ մենք նրանց ապահովենք հատուկ սպառազինությամբ: Սիրիան ապահովված է հակաօդային պաշտպանության համակարգերով և կարող է պաշտպանվել»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմում է ի շահ «Ալ-Կաիդայի»
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի