Հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի Արմեն Ռուստամյանից
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախաձեռնել է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի մասին մի հայտարարություն տարածել: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պետք է ստորագրեն ՀԱԿ-ից` Լ. Զուրաբյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: Սակայն հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ պայմանավորվածությունից հետո Ռուստամյանն ուղղակի անհետացել է` այդպես էլ չպատասխանելով ՀԱԿ-ի ներկայացուցչի զանգերին: Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ ՀՅԴ բյուրոի անդամ Վահան Հովհաննիսյանին առաջարկել են առաջիկայում եվրոպական որևէ երկրում դեսպան նշանակել: «Ժողովուրդ»-ին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ոչ Ռուստամյանից, ոչ որևէ ՀՅԴ-ականից. նրանք քանի օր է` չեն պատասխանում հեռախոսազանգերին: