Սեքսոպաթոլոգ. Սեռական խանգարումների բուժումը բարձր արդյունավետություն ունի
Այսօր աշխարհում խրոնիկական սեռական հիվանդությունների որոշակի աճման միտում կա: Ասուլիսում այս մասին ասաց սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը:
Ըստ նրա, պատաճառներն են` դեղորայքակայուն միկրոբների առաջացումը, հակաբորբոքային դեղամիջոցների ոչ արդյունավետ ներազդեցությունը, ապատեղակատվությունը, երևույթի քողարկումը, ներկայումս դիտվող անկայուն սեռական կյանքի առավել ակտիվացումը. «Այս պատճառով եվրոպական բոլոր երկրներում խրախուսվում է հաստատուն սեռական կյանքը ամուսնութայն պարագայում, կամ մշական զուգընկերների գաղափարը»:
Նա ընդգծեց նաև, որ բնակչության միգրացիան նույնպես բերում է սեռավարակների աճի:
Ս. Հակոբյանն ասաց, որ այսօր իրենց ավելի հաճախ դիմում են երիտասարդները` պայմանավորված այն հանգամանքով, որ երիտասարդ հասակում սեռական կյանքը ավելի առաջնային է և այս կամ այն սեռական խնդրի առաջացման դեպքում դիմում են բժշկի:
«Քիչ չեն անհատները, ովքեր ավելի հասուն տարիքում են, տարեց են, բայց դիմում են մեզ, բուժման կուրս են անցնում` ձգտելով պահպանել իրենց սեռական առողջությունը ողջ կյանի ընթացքում»,- նշեց բժիշկը:
Ս. Հակոբյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, սեռական խանգարումների բուժումը բարձր արդյունավետություն ունի, ուստի չպետք է խուսափել դիմել բժշկի, քանի որ առանց մեծ ջանքերի հիմնական խնդիրներ լուծելի են: