Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Լոնդոնը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը
Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու վերջինիս համանախագահներին և կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
Ադրբեջանական «APA» լրատվական գործակալության հաղորդմամբ` հանդիպումը կայացել է Էլմար Մամեդյարովի Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և Հյուսիսային Իռլանդիա կատարած այցի շրջանակներում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ընթացքում իրականացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված ակտուալ թեմաների վերաբերյալ կարծիքների փոխանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:
Նշելով, որ 2015թ. Ադրբեջանը հյուրընկալելու է Եվրոպական խաղերը` Ուիլյամ Հեյգը հավելել է, որ իր երկիրը Լոնդոնում հաջողությամբ կազմակերպեց Ամառային օլիմպիական խաղերը, և այն ուրախ կլինի այդ հարցով իր փորձը կիսել Ադրբեջանի հետ:
Միևնույն ժամանակ, ադրբեջանական «Ազադլիգ» թերթը հայտնում է, որ այն բանի հետո, երբ հայտնի դարձավ բրիտանական կողմի հրավերով ադրբեջանական ընդդիմության անունից Ազգային խորհրդի ներկայացուցչի` սեպտեմբերի 8-11 սպասվող այցի մասին լուրը, Ադրբեջանի իշխանությունը հապճեպորեն որոշեց պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, ով Լոնդոն է մեկնել սեպտեմբերի 3-ին:
Թերթը նշում է, որ ավելի վաղ Մամեդյարովի այցի հետ կապված նախապատրաստությունների մասին որևէ տեղեկություն չէր հաղորդվում, հետևաբար, ընդդիմադիրներին նախորդող նրա այցը պատահականություն չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն մտահոգված է այդ այցի կապակցությամբ: