«Haqqin.az». Փորձագետները չեն հավատում, որ «Ազերէներժի»-ի կայքէջը կոտրել են
Փորձագետների մեծամասնությունը կասկածի տակ են դնում այն փաստը, որ Ադրբեջանի էներգետիկ հսկա «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության կայքէջը կոտրել են։ Ադրբեջանական «Haqqin.az» տեղեկատվական պորտալը հայտնում է, որ փորձագետները ավելի հակված են հավատալ այլ վարկածի. գաղտնի նյութերը և ներքին փաստաթղթերը գողացվել են «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության աշխատակիցներից մեկի համակարգչից։
«Մի շարք փորձագետներ համոզված են, որ այս խմբավորման հետևում թաքնված է արևմտյան հատուկ ծառայություններից մեկի գիտատեղեկատվական կենտրոնը», - գրում է կայքը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Anonymous» շարժումը հայտնել էր Ադրբեջանի էներգետիկ հսկա «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության կայքը հաջողությամբ կոտրելու մասին, ինչի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել տարբեր աստիճանի կարևորության 80 փաստաթուղթ։ «Anonymous»-ի ներկայացուցիչները հղումներ են հրապարակել արխիվներին (https://www.cyberguerrilla.org/blog/?p=15541)՝ ընդհանուր 7GB ծավալով։ Հաքերները հայտնել են, որ խիստ դժգոհ են Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունից։
«Հաքերները հայտարարում են, որ իրենց կողմից գողացված տվյալների մեջ կան նաև «Էթիբար Փիրվերդիևի ձեռնարկության» անօրինական և կոռուպցիոն սխեմաների մասին փաստաթղթեր»։ Իրենց հայտարարության մեջ հաքերները նաև նշում են, որ դժգոհ են Ադրբեջանի կառավարության վարած քաղաքականությունից, և սա իրենց պայքարի միայն սկիզբն է», - հայտնում է պորտալը։
Պորտալը հիշեցնում է, որ «Anonymous» հաքերները նախկինում կոտրել են Գերմանիայի առևտրի պալատի Բաքվի գրասենյակի կայքը և գողացել են «Bahar Energy» ընկերության փաստաթղթերը։ «Տվյալ ընկերությունը պատկանում է Տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի գործընկեր Հաֆիզ Մամեդովին, ով հանրությանը հայտնի է «Հաֆկա» անունով»,- գրում է կայքը։
Ընդգծենք նաև, որ «Anonymous» հաքերային շարժման ներկայացուցիչները վերջերս գողացել են նաև Ադրբեջանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը պատկանող տարբեր բնույթի տեղեկատվություն՝ 1.5 GB ծավալի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում