Դ. Հովհաննիսյան. Քիմիական զենքի կիրառումը ձեռնտու չէր սիրիական իշխանություններին
Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի համոզմամբ, քիմիական զենքի կիրառումը ոչ մի կերպ ձեռնտու չէր սիրիական իշխանություններին: Լրագրողների հետ հանդիպմանը նա տեսակետ հայտնեց, որ դրանում ամենաշահագրգռված կողմերը տարածաշրջանի երկրներն են, որոնք պետք է նման մի գործողություն կատարեն, որպեսզի հօգուտ կառավարական ուժերի թեքվող իրավիճակը կարողանան փոխել:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով, Սիրիայում կատարվեց այն, ինչին սպասում էին արդեն մեկ տարի: Թե ինչպիսին կլինեն սիրիական ճգնաժամի հետևանքները` Մանուկյանը պայմանավորում է ԱՄՆ որոշման հետ, ինչ գործողություններ կլինեն, ինչ տևողությամբ և այլն:
«Մի բան պարզ է, որ վերջապես արտաքին ուժերը բացահայտ հայտարարություն արեցին, ոչ թե քողարկված ուժերի ձեռքով»,-նկատեց նա:
Քաղաքական գիտությունների թեկնածու, իրանագետ Սևակ Սարուխանյանի խոսքով, հարվածելու դեպքում պատերազմը չի կարող արագ ավարտ ունենալ: «Հարվածները բերելու են Ասադի տարածաշրջանային կողմնակիցների ակտիվացմանը, քանի դեռ Ասադն ունի կողմնակիցներ, դաշնակիցներ, Իրանի կողմից ենթադրում եմ ավելի մեծ ակտիվացում»,-ասաց քաղաքագետը, միաժամանակ ավելացնելով, որ հաշվի առնելով իրանցի պետական պաշտոնյանների հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ իրենք խուսափելու են հակահարված հասցնելուց, բայց Ասադի բանակն ավելի շատ կհամալրվի իրանցիներով` խուսափելու ռեժիմի փոփոխությունից:
«Ռեժիմի փոփոխությունը Սիրիայում իրավիճակի փոփոխություն է Լիբանանում, Իրաքում, իսկ տարածաշրջանում Իրանն ունի իր շահերը»,-ասաց Ս. Սարուխանյանը: