Հունգարիայի հայ համայնք. Արդյո՞ք կառավարությունը Սաֆարովի արտահանձնումից ի վեր որևէ միջազգային ատյանի դիմել է
Հունգարիայի հայ համայնքը բաց նամակով դիմել է երկրի արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչին՝ ցանկանալով պարզել, թե արդյո՞ք Հունգարիայի կառավարությունը որևէ միջազգային ատյանի դիմե՞լ է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց ի վեր։ Այս մասին տեղեկացնում է «Politics.hu» պարբերականը։
Սաֆարովը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004թ Բուդապեշտում հայ սպային կացնահարելու համար, 2012թ օգոսոտոսի 31-ին արտահանձնվեց հայրենիք: Չնայած Ադրբեջանը պաշտոնապես խոստացել էր, որ վերջինս կշարունակի ցմահ ազատազրկումը Ադրբեջանում, սակայն Ադրբեջանի նախագահը Սաֆարովին ներում շնորհեց:
Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Երկու օր հետո, Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը Ադրբեջանի դեսպանին իր մոտ կանչեց և քննադատեց Ադրբեջանի այդ քայլը`այն համարելով անընդունելի:
Նախարարին ուղղված նամակում ընդգծվում է, որ Սաֆարովն իրականացրել է նախապես ծրագրված սպանություն՝ անվանելով իր դաժան արարքը «Հայոց ցեղասպանության շարունակություն»։
«Աստծո 10 պատվիրաններից 5-րդը, որն ասում է. «Մի՛ սպանիր», կորցրել է իր իմաստը Բուդապեշտում՝ 2012թ. օգոստոսին, երբ Հունգարիայի իշխանությունները, ելնելով պետական շահից, արտահանձնեցին Սաֆարովին»,-նշված է նամակում։