Ն. Գալստյան. Հայաստանը լիիրավ չպետք է անդամակցի որևէ մաքսային միության
«Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել Եվրամիության հետ համագործակցության համատեղումը ոչ թե Մաքսային միության, այլ ԱՊՀ շրջանակներում Հայաստանի տնտեսական համագործակցության հետ: Սրանք տարբեր բաներ են»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը ` նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Նրա դիտարկմամբ, որևէ միությանը կամ կազմակերպությանը «միանալը» բավական տարողունակ հասկացություն է և կարող է շատ բան նշանակել` լիիրավ անդամակցություն, դիտորդի կարգավիճակ, ասոցիատիվ անդամություն և այլն: Հետևաբար, ըստ քաղաքագետի, դեռևս անորոշ է, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին որոշումը կոնկրետ որ «միանալուն» է վերաբերում:
«Խնդիրը նրանում է, որ ցանկացած մաքսային միությանը լիիրավ անդամակցությունը պետությանը զրկում է ինքնուրույն արտաքին մաքսային քաղաքականություն վարելու իրավունքից: Միջազգային հարաբերություններում զուտ տեխնիկապես հնարավոր չէ համատեղել մաքսային որևէ միությանը լիիրավ անդամակցությունը երրորդ պետության հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ»,-ասաց քաղաքագետը:
Միևնույն ժամանակ նա տեսականորեն հնարավոր համարեց երկու ինտեգրացիոն գործընթացների համատեղումը, եթե Եվրամիությունն ու Մաքսային միությունը իրար միջև կնքեն համապատասխան ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր:
«Եթե Մաքսային միությունը Եվրամիության հետ կնքի ինչ-որ պայմանագիր, որը թույլ կտա ազատ առևտրի գոտի ստեղծել նրանց միջև, ապա հնարավոր կլինի Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտու նախատեսված ձևաչափը շարունակել: Սակայն պետք է փաստել, որ հայտարարության մեջ Եվրոպական հանձնաժողովը նկատի է ունեցել համատեղելիության ոչ թե Մաքսային միության, այլ պարզապես ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության հետ»,- ընդգծեց Ն. Գալստյանը` հավելելով, որ Մաքսային միությանը Հայաստանի լիիրավ անդամակցության դեպքում հնարավոր կլինի ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի միայն իրավա-քաղաքական մասը, բայց ոչ ազատ առևտրի մասին պայմանագիրը:
Փորձագետի անձնական համոզմամբ` Հայաստանը չպետք է լիիրավ անդամակցի որևէ մաքսային միության, լինի դա եվրոպական, թե եվրասիական, այլ փորձի յուրաքանչյուր կողմի հետ կոնկրետ հարցերում համագործակցել:
«Արժե համագործակցել կոնկրետ հարցերում, պայմանագիր կնքել` դիտորդի կամ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, որովհետև դա էլ է նշանակում միանալ: Երբ մենք միացել ենք ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան խորհրդին, մենք չենք դարձել ՆԱՏՕ-ի անդամ, այլ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում համագործակցում ենք: Մենք անդամակցում ենք մի խորհրդի, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կառույցներից մեկը, բայց դա չի նշանակում անդամակցել ՆԱՏՕ-ին: Պետք չէ անդամակցել որևէ մաքսային միության, լինի եվրոպական, թե եվրասիական, որը կարող է սահմանափակել մեր ինքնիշխանությունը»,- նշեց Նարեկ Գալստյանը:
Նախորդող` Սերժ Սարգսյան. Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը
Վիգեն Սարգսյան. Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու խնդիրը մնում է Հայաստանի օրակարգում (Տեսանյութ)
Սերժ Սարգսյան. Հայաստանի որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին