ՆԱՏՕ-ի ռազմանավերը կժամանեն Բաթումի նավահանգիստ
«Նավահանգստային այց» ծրագրի շրջանակում այսօր Վրաստանի Բաթումի նավահանգիստ կժամանեն ՆԱՏՕ-ի ռազմանավերը` երկու գերմանական և մեկ թուրքական ֆրեգատ:
«Գռուզիա Օնլայն» լրատվական կայքը, հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, տեղեկացնում է, որ այցի շրջանակում ՆԱՏՕ-ի ռազմանավերի անձնակազմը Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ափամերձ պարեկության և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների հետ միասին վարժանքներ կիրականացնեն Սև Ծովի հատակում:
«Անհրաժեշտ է նշել, որ «Նավահանգստային այցը» առաջին անգամ է իրականացվում ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև գործընկերային հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Դրա նպատակն է ՆԱՏՕ-ի կողմից գործընկեր պետությանն աջակցելը»,- ասված է Վրաստանի ՊՆ հայտարարության մեջ: