Թայիր Սուլեյմանով. Ադրբեջանում 2,5 միլիոն քուրդ է բնակվում
Նախօրեին քրդական «Դիպլոմատ» թերթի գլխավոր խմբագիր Թայիր Սուլեյմանովը նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար փաստաթղթերը հանձնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնում է ադրբեջանական «Haqqin.az» լրատվական պորտալը։
Ըստ կայքի՝ այսօր նա արդեն վերցրել է ստորագրահավաքի համար անհրաժեշտ թղթերը և պատրաստ է մոտակա ժամանակահատվածում 40 հազար ստորագրություն ներկայացնել, չնայած որ թեկնածուների գրանցման վերջին ժամկետը սեպտեմբերի 9 է:, որը թեկնածուների գրանցման վերջին օրն է։ Սուլեյմանովը վստահ է, որ իրեն կհաջողվի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները սահմանված ժամկետում, նշում է «Haqqin.az»-ը։
«Ադրբեջանում պաշտոնապես 13 հազար քուրդ է բնակվում, սակայն նրանց թիվը շատ ավելի մեծ է. մեր տվյալներով նրանց քանակը մոտ 2,5 միլիոն է, այնպես որ ես ակնկալում եմ ստանալ նվազագույնը կես միլիոն քրդերի քվեն։ Ես բացահայտ կերպով կպաշտպանեմ քրդերի իրավունքը Ադրբեջանում։ Դուք գիտեք, որ պատգամավոր Ռաբիյաթ Ասլանովան նախկինում հայտարարել էր, որ Միլլի Մեջլիսի 38 պատգամավորներ քրդական ծագում ունեն։ Բայց որտե՞ղ են նրանք և ինչո՞ւ են լռում։ Որևէ մեկը դեռևս ինձ չի խոստովանել, որ քուրդ է՝ բացառությամբ Հախադ Աբիևի», - հայտնել է խմբագիր-քաղաքական գործիչը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերի 9-ին։ Նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2008թ. հոկտեմբերի 15-ին։ Գործող նախագահ Իլհամ Ալիևը արդեն երկու ժամկետ է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը՝ սկսած 2003թ.-ից։ 2009թ. մարտին Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե՝ չեղյալ հայտարարելով միևնույն անձի՝ ավելի քան երկու ժամկետ անընդմեջ նախագահի պաշտոնը զբաղեցնելու սահմանափակումը։ Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը այս առիթով հայտարարել է. «Միևնույն անձին երկու ժամկետից ավել անընդմեջ նախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք տալը դիտվում է որպես մեկ քայլ հետ ժողովրդավարության զարգացման գործընթացում»:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հաստատել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը երրորդ ժամկետի համար։
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի շուրջ համախմբվելով՝ ընդդիմությունը առաջադրել է սեփական թեկնածուին՝ հայտնի սցենարիստ Ռուստամ Իբահիմբեկովին։ Իսկ օգոստոսի 24-ին որպես նախագահի միասնական պահեստային թեկնածու Ազգային խորհրի կողմից ընտրվել է պատմաբան Ջամիլ Հասանլին։ Նախագահի ևս մեկ թեկնածու՝ «REAL» շարժման առաջնորդ Իլհամ Մամեդովը, գտնվում է բանտում։ Նա մեղադրվել է Ադրբեջանի Իսմայիլ շրջանում անկարգություններ կազմակերպելու մեջ, չնայած ոստիկանությունը չի թույլատրել նրան մուտք գործել դեպքի վայր: 2013թ. փետրվարից Մամեդովը գտնվում է քննչական մեկուսարանում։