Երևանի բնակիչը պատահաբար հայտնաբերել է, որ իր բնակարանում սիրիահայ գործարար է գրանցված
Երևանի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակիչ 71-ամյա Մանյա Պետրոսյանը բոլորովին վերջերս շատ պատահաբար հայտնաբերել է, որ իրենց տանը սիրիահայ է գրանցվել ու դրել սեփական բիզնեսը:
Բանն այն է, որ Մանյա Պետրոսյանն ու իր հարազատները պարբերաբար նամակներ են ստացել «Բիբլոս բանկ Արմենիա»-ից, «Մալաթիա-Սեբաստիա վիճակագրական բաժնից: Նամակների հետքերով գնալով Պետրոսյաննները պարզել են, որ ոմն Պերճ Մսրլյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 90 փողոցում գրանցել է «Պ.Վ.Մ» ՍՊԸ-ն, իսկ ինքը գրանցվել է Սայաթ-Նովա 15/N (ճշգրիտ հասցեն տան բնակիչների խնդրանքով չենք ներկայացնում-հեղ.) ու զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Տիկին Մանյան Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, ասաց, որ ինչ իմացել է այդ ապօրինության մասին, քուն ու դադար չունի, փորձում է հասկանալ` ինչպես ստացվեց ու ինչպես կարելի է առանց բնակչի համաձայնության, մարդ գրանցել սեփական բնակարանի հասցեում: «Փոստատարը մեր դռան արանքում էր թողել մի նամակ, և որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեսանք, որ դա ոչ թե մեր ընտանիքի անդամներից մեկի անունով է, այլ` ոմն Պերճ Մսրլյանի», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Մանյան:
Տիկին Մանյան դիմում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, որտեղից նրան հաստատում են, որ «Պ.Վ.Մ.» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 90 փողոցն է, իսկ ընկերության գործադիր տնօրեն Պերճ Մսրլյանի բնակության հասցեն` Սայաթ-Նովա փողոցի բնակարանը: Ստացված նամակներից այս ընտանիքի անդամներին հայտնի է դարձել, որ ՍՊԸ-ն փոխել է իր կանոնադրությունը երկու անգամ և երկու դեպքում էլ Պերճ Մսրլյանի բնակության հասցեն նշվել է Սայաթ-Նովա 15 շենքի N բնակարանը:
Մանյա Պետրոսյանը դիմում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, որտեղից հաստատում են, որ «Պ.Վ.Մ.» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար Պերճ Մսրլյանը, որպես իր բնակության հասցե, նշել է Սայաթ-Նովա փողոցի նշված բնակարանը: Այնուհետև տիկին Պետրոսյանը նամակ է գրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանության կենտրոնի բաժանմունքում, ըստ մեր զրուցակից, նյութեր են նախապատրաստվում` պարզելու` ինչ է իրականում կատարվել:
Սակայն, ինչպես տիկին Մանյան տեղեկացրեց, երեկ իրենք գրություն են ստացել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Խաչատրյանի կողմից, որտեղ նշվում է. «Գտնում եմ, որ Մանյա Պետրոսյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը թողնել անհետևանք և եզրակացությամբ միացնել ոստիկանության բաժնի հերթապահ մասի կարգագրին»: Տիկին Պետրոսյանի համար անհասկանալի է`արդյոք սա նշանակում է, որ անծանոթ «հյուրը» այլևս իրենց բնակարանի հասցեում գրանցված չէ:
«Մենք հույս ունենք, որ այդ ամենը սխալմունք է եղել և ցանկանում ենք, որ դա առանց որևէ խնդիրների ու հետևանքների վերացվի: Դա է մեր ուզածը», -փոխանցեց տիկին Մանյան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները