Չեխիա-Հայաստան` 1:2. հավատ, որը ծնում է հաղթանակ… (Տեսանյութ)
Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում ավարտվեց աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը:
Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը` դիպուկ հարվածով գնդակն ուղարկելով Պետր Չեխի պաշտպանած դարպասը: Այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման:
Հավելենք, որ մինչ այս գոլը վնասվածքի պատճառով փոխարինվել էր Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ում փոխարինել էր Լևոն Հայրապետյանը:
2-րդ խաղակեսի 71-րդ րոպեին չեխերին հաջողվեց հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը: Մինչ գոլային դրվագին անդրադառնալը նշենք, որ րոպեներ առաջ ծնկի վնասվածք էր ստացել և փոխարինվել էր մեր ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նրա փոխարեն ասպարեզ էր դուրս եկել Գևորգ Կասպարովը, սակայն խփված գոլում նա չուներ մեղքի իր բաժինը: Թոմաշ Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպավ մեր թիմի ֆուտբոլիսներից Վարազդատ Հարոյանին և հայտնվեց մեր իսկ դարպասում: Բնականաբար, գոլը գրանցվեց Ռոսիցկու անվան դիմաց:
Այն, ինչ կատարվեց հանդիպման վերջին րոպեներին, նման էր պտտահողմի: Չեխերը տիրեցին նախաձեռնությանը և հարվածների իսկական տեղատարափ թափվեց մեր դարպասին, սակայն դրանցից ոչ մեկ չավարտվեց գոլով, իսկ ահա հայ ֆուտբոլիստները վերջին վայրկյաններին օգտագործեցին միակ գոլային հնարավորությունը և հակագրոհի միջոցով հաղթանակ կորզեցին: Դա տեղի ունեցավ մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեի ընթացքում: Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը հմտորեն գրավեց դարպասը:
Ահա այսպես է լինում, երբ հավատում ես ընտրանու հաջողությանը: Հավատն է, որ ծնում է հաղթանակ: Հավելենք, որ Հայաստանի ընտրանին իր միավորների քանակը դարձրեց 9-ը` հավասարվելով հենց Չեխիայի ընտրանուն, որն ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում