«Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը». Գիտաժողով՝ նվիրված անվանի կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին
Շարունակվում են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները: Այսօր և վաղը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին: Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել երաժշտագետներ և երաժիշտներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ռիգայից, Թբիլիսիից, Ստեփանակերտից: Գիտաժողովին կմասնակցեն նաև Երևանի պետական կոնսերվատորիայի, ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մասնագետները:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները զեկուցումներով կանդրադառնան Ա. Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությանը: Գիտաժողովի շրջանակում կներկայացվեն նաև Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդերը, կներկայացվեն թանգարանի կրթական ծրագրերը և կքննարկվեն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման ձևաչափերը:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին: