«Հայոց արծիվների» հերթական միջոցառումը` հյուսիսային Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետերում
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով: Ինչպես հաղորդում են «Հայոց Արծիվներ»-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովից, հերթական միջոցառումը տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ-ում` հյուսիսային Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետերում:
Ըստ աղբյուրի, կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, շնորհավորելով սպաներին և զինվորներին ԼՂՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իր խոսքում կարևորել է ինչպես Արցախի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանագծի մարտական երեք հենակետերում կազմակերպած միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ»-ի նախագահության կողմից իրականացվել են նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների, ինչպես նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրություններ:
Նշվում է, որ 3.5 տարվա իր գոյության ընթացքում «Հայոց Արծիվները», որ որդեգրել է ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը իրականացրել են արդեն 530-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում: