Հաջորդ ուստարվանից Հայաստանում կգործի МГУ-ի մասնաճյուղն ու ռուսերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը
Ամեն ինչ արվում է, որպեսզի արդեն հաջորդ ուստարվանից Հայաստանում գործեն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը: Այս տարի այդ աշխատանքներն ավարտին հասցնել չի հաջողվել: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
Նա ասել է, որ համապատասխան որոշումն արդեն կա, և այժմ աշխատանքներ են իրականացվում՝ փաստաթղթային գործընթացը կազմակերպելու, վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Այսինքն, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ սեպտեմբերից հայաստանցի երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում, կամ ռուսական գիմնազիայում: Այն որ, այսպիսի ծրագրեր կային, հայտնի դարձավ երկու օր առաջ,երբ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Երևանում կարող են հայտնվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսալեզու գիմնազիա: Պարզվում է, դա կարող էր լինել նաև այս սեպտեմբերից, պարզապես չեն հասցրել: