Իրանի նախագահը շնորհավորել է հրեաներին, իսկ ԱԳ նախարարը դատապարտել նացիստների կողմից հրեաների կոտորածը
«Հուդայականությունը աստվածային կրոն է, Իրանի սահմանադրության համաձայն՝ այն ևս հարգանքի է արժանի»,-այդ մասին իրանական «թասնիմնյուզ.քոմ» կայքին տված բացառիկ հարցազրույցում նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ է, որ դուք հրեաներին շնորհավորել եք նոր տարվա առթիվ, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է. «Մենք միշտ քրիստոնյաներին շնորհավորում ենք նոր տարվա առթիվ: Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող մեր հրեա հայրենակիցները ևս համարվում են կրոնական փոքրամասնություն: Մենք հուդայականություն կրոնի հետ որևէ խնդիր չունենք, այդ աստվածային կրոնում փոքրամասնություն կազմող սինոիստներին ենք դեմ. Մենք թույլ չենք տա, որ նրանք իրենց սուտ քարոզչությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնեն որպես հակահրեական պետություն»:
Շարունակելով թեման՝ նախարար Զարիֆը հավելել է. «Մենք դատապարտում ենք նացիստների կողմից հրեաների կոտորածը, միևնույն ժամանակ դատապարտում ենք սիոնիստների կողմից պաղեստինցիների սպանությունները»:
Նկատենք, որ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին «Թվիթերի» իր միկրոբլոգում ևս շնորհավորել է հրեաներին իրենց նոր տարվա առթիվ:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահի խորհրդական Մոհամմադ Ռեզա Սադեղը, չհերքելով նախագահի շնորհավորանքի մասին լուրը, նշել է. «Նախագահ Ռոհանին «Թվիթերում» հաշիվ չունի: Նրա անունից յուրաքանչյուր պաշտոնական հայտարարություն հրապարակվում է նախագահի աշխատակազմի կոմից»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում Իրանում բնակվում են շուրջ 10 հազար իրանցի հրեաներ, որոնք համարվում են Մերձավոր Արևելքի ամենամեծ հրեական համայնքը:
Նշենք, որ ԻԻՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական փոքրամասնությունները հայերը, հրեաները և զրադաշտներն են, որոնք Մեջլիսում ներկայացված են իրենց պատգամավորներով, ունեն իրենց եկեղեցին, դպրոցները, մշակութային օջախները, մամուլը և այլն: