Վանյանը չի բացառում, որ աղիքային վարակի նոր դեպքեր կլինեն
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում մի քանի տասնյակ բնակիչների մոտ գրանցված աղիքային վարակի պատճառը ջուրն է: Panorama.am-ին այս մասին հայտնեց առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
«Հաստատ ջուրն էր»,-ասաց նա:
Հիշեցնենք, Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ մարզպետարանի առողջապահության վարչության պետ հայտնել էր, որ վարակի հիմնական պատճառ հանդիսացող ջրի տարբերակը հերքվել է: Բասենցյանի խոսքով, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ջուրը մաքուր է:
«Երբ մենք գնացել ենք, ջուրը մաքուր է եղել: Ջրի մեջ որևէ բան գտնելն անհնար է, քանի որ հարուցիչը շատ արագ անցնում է: Բայց խնդիրն ինչումն է: Նախ, ջուրը մնացորդային քլոր չուներ, այսինքն չէր վարակազերծվում, մենք գերքլորացում ենք տվել, վարակզերծել ենք»,-ասաց ԱՆ պաշտոնյան:
Նրա խոսքով, վարակը ողջ գյուղում չի եղել, այլ երկու գյուղերի այն թաղամասերում, որոնք սնվել են միևնույն ջրագծից:
Վանյանի ներկայացմամբ, վերջին օրերին նոր հիվանդներ չեն ունեցել: «Եթե մենք կանխարգելիչ միջոցառումներն անում ենք, ու էլ հիվանդներ չեն արձանագրվում, պարզ չի՞, որ ջուրն է: Հետո սա մեր առաջին բռնկումը չի, հարյուր հատ բռնկումներ են եղել: 100 տոկոսով պատճառը ջուրն է, մտածելու բան չկա»,-ասաց Վանյանը:
ԱՆ պաշտոնյան վստահ չէ, որ հետագայում նման բան չի լինի. «Ես եթե միանշանակ Ձեզ ասեմ, որ էլ նման բան չի լինի, դա սուտ կլինի, քանի որ տեղեր կան, որ խողովակաշարը շատ հին է, դրանք փոխելը մեծ ծախսեր է պահանջում: Ուղղակի մտածում եմ, որ մնացորդային քլոր ապահովեն, հնարավոր է նման բան չլինի»:
Անդրադառնալով Բասենցյանի հայտարարությանը, թե ջրի տարբերակը բացառվում է, Վանյանն ասաց. «Դա նրա աշխատանքը չէ, որ ինքը բացառի կամ չբացառի, նրա աշխատանքը հիվանդների բուժումը կազմակերպելն է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպք։
Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ: Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում:
Նախորդող հրապարակումներ`
Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր. Վարակի աղբյուրը ջուրն է
Բասենցյան. Արագածոտնի գյուղերում վարակի պիկն անցել է
Բասենցյան. Օշականում և Ոսկեվազում ջուրը մաքուր է