Եղնուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ու ոստիկանապետին
Կարո Եղնուկյանը նամակ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին ու ոստիկանապետին` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել իր անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ պաստառը:
Եղնուկյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Հովսեփյանին
Պատճենը`
ՀՀ Ոստիկանության պետ՝ Վ. Գասպարյանին
ՀՀ քաղաքացի Կարո Եղնուկյանից
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Զաքյան 8, բն. 37, Հեռ. 098209347
Դ Ի Մ Ո Ւ Մ
Արդեն հինգերորդ օրն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է իմ նկարով մեծադիր պաստառ, որի վրա գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծման»:
Այս գործողության նպատակն իմ նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է, ինչի մասին հրապարակավ զգուշացրել եմ սեպտեմբերի 2-ի տվածս հարցազրույցներում։ Նույն հարցով սեպտեմբերի 3-ին իր բողոքն է արտահայտել Նախախորհրդարանի քարտուղարությունը (որը հրատարակվել է մասնավորապես HAYNEWS.AM կայքէջում)։
Սպասելի էր պատկան մարմինների գործնական միջամտութիւնը, սակայն անգործություն ցուցաբերվեց, ինչը իմ կարծիքով բռնության այդ կոչն իրականացնելու փորձի պատճառ դարձաւ։
Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան իմ բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են «ախպա՞ր ես» արտահայտութեամբ։ Կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։
Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը:
Հաշվի առնելով վերևում շարադրավածը պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել իմ անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական և սադրիչ բովանդակութեան պաստառը:
Միևնույն ժամանակ` պահանջում եմ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Առդիր` իմ անձնագրի պատճենը.
Դիմող` Կարո Եղնուկյան 06 սեպտեմբերի 2013 թ.:
Նախորդող հրապարակում`
Եղնուկյանի նկարը շարունակում է փակցված մնալ շուկայի վրա. Նախախորհրդարանը միջոցներ է ձեռնարկում