Վարդան Մինասյան. «Մենք հեռուն չենք նայում, պատրաստվում ենք հաջորդ խաղին»
Հայաստանի հավաքականը կարողացավ երկրորդ անընդմեջ արտագնա հաղթանակը տանել ընտրական փուլում` 2:1 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
- Խաղից առաջ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բիլեկն ասել էր, թե իրենք ավելի ուժեղ թիմ ունեն:
- Միշտ չէ, որ ուժեղ թիմը հաղթում է:
- Ձեր կարծիքով՝ զրկե՞լ եք չեխերին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից:
- Մենք մտածում էինք հաղթանակի, այլ ոչ թե չեխերին խանգարելու մասին: Իրենք էլ մեզանից Երեւանում էին 3 միավոր վերցրել:
- Խաղից առաջ Բիլեկը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը տատանումներ ունի, բայց խաղը ցույց տվեց, որ նման բան չկա:
- Մենք այսօր խաղացինք մեր հնարավորությունների առավելագույն չափով, թեեւ դա շատ դժվար է, երբ 3 հարկադրված փոփոխություն ես կատարում:
- Ի՞նչ ազդեցություն ունեցավ դարպասապահի փոփոխությունը:
- Միայն դարպասապահը չէր, ես ասացի, որ 3 փոփոխություններն էլ հարկադրված էին, իսկ ինչ վերաբերվում է դարպասապահին, ապա նա մեր հիմնական դարպասապահն է…
- Ի՞նչ վիճակում են փոխարինված խաղացողները:
- Արազը եւ Կամոն իրենք խնդրեցին փոխարինում, բայց թվում է, որ լուրջ չէ: Բերեզովսկու դեպքում վիճակն ավելի լուրջ է. նա ծնկի վնասվածք ունի:
- Կհամեմատե՞ք Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ մեր արտագնա խաղերը:
- Երկու դեպքում էլ ուրախալի է, որ հաղթեցինք, սակայն Չեխիայի թիմին մեծ կորուստներով հաղթեցինք: Բացի վնասվածքներից, Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը որակազրկվեցին:
- Այս խմբից ո՞վ է ավելի մոտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն` Իտալիայի՞, Բուլղարիայի՞, Հայաստանի՞, թե՞ Դանիայի հավաքականը:
- Մենք հեռուն չենք նայում: Այսօր մեր միակ ցանկությունը Դանիայի հավաքականի հետ խաղին պատրաստվելն է: