Հանեսյան. Թիրախային են լինելու փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրերը
«Մենք արդեն շուրջ 5 տարի է այստեղ ներկա ենք, մեր մասնաճյուղը հիմնվել է 2008թ.-ին: «Ամերիան» ակտիվ ներդրումներ է կատարում Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Մեզ համար այս ժամանակահատվածում թիրախային են լինելու փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրերը, ինչպես նաև մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը»,-այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում «Ամերիաբանկի» «Ստեփանակերտ» նոր մասնաճյուղի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նա նշեց, որ նոր մասնաճյուղում ներդրվել է նաև նոր ծառայություն՝Արցախի ֆինանսաբանկային շուկայում՝դեպոզիտային պահատուփների տրամադրման ծառայությունն՝հաճախորդների թանկարժեք իրերը պահպանելու համար:
«Այս նոր մասնաճյուղը իր տեխնոլոգիական հագեցվածության ոչնչով չի տարբերվում մեր բանկի այլ մասնաճյուղերից՝մեր բոլոր մասնաճյուղերը միանման են, սակայն Ստեփանակերտի մասնաճյուղը ծառայությունների փաթեթի մակարդակով և որակով ոչնչով չի զիջում Երևանի գլխամասային գրասենյակին»,-ասաց բանախոսը:
Ա. Հանեսյանը նշեց, որ հաճախորդների թվի աճ է նկատվում և նոր մասնաճյուղի բացումից հետո «Ամերիաբանկի» Ստեփանակերտի հաճախորդների թիվը միայն կավելանա:
«Թե տոկոսադրույքներով, թե միջնորդավճարներով, ինչպես նաև իր սպասարկման որակով և բազմազանությամբ «Ամերիաբանկը» շատ մրցունակ է լինելու Արցախում»,-նշեց նա:
Նրա խոսքերով, մասնագետների խնդիր միշտ լինում է, սակայն մասնագետների խնդիրները բանկը ինքնուրույն է լուծում և արդեն 2 տարի է գործում է «Generation A» ծրագիրը, որը ենթադրում է նոր ավարտած ուսանողների ուսուցում, վերապատրաստում և լավագույներին աշխատանքի տեղավորում «Ամերիաբանկում»,-հավելեց բանախոսը:
Նշենք, որ այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Ամերիաբանկ» «Ստեփանակերտ» մասնաճյուղը, որի բացմանը մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առանջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գործարարներ և արտասահմանից ժամանած հյուրեր: