Թուրքերը պարզել են, թե ինչու են զրկվել 2020-ի Օլիմպիադան Ստամբուլում անցկացնելու հնարավորությունից
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայտնվել են գովազդային վահանակներ, որոնք 2020թ. օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու դեմ քարոզչություն են պարունակում: Ցուցապաստառներում պատկերված է թուրք հատուկ ջոկատային, որը մահակով հետապնդում է օլիմպիական մարզիկին: Նմանօրինակ վահանակներին կա նաև գրություն. «Մարդու իրավունքները ոտնահարող երկրում օլիմպիադա չի կարող կազմակերպվել»: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» լրատվականը:
2020-ի Օլիմպիադան իրենց հարկի տակ ընդունելու համար պայքարում էին Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն, բայց քվեարկության արդյունքներով հաղթել է Տոկիոն: Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Օլիմպիկական խաղերը Ստամբուլում չանցկացնելու պատճառը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող հիմնական վարկածի, ամռանը Գեզի զբոսայգու բնապահպանական շարժումից սկիզբ առած հակակառավարական լայնամասշտաբ բողոքի ակցիաներն են եղել և դրանց դեմ իշխանությունների գործադրած անհամաչափ ուժը: