Պլաստիկ վիրաբույժին ամենից շատ դիմում են «հայկական քթից» ազատվել ցանկացողները
Պլաստիկ վիրաբուժությունը վերջին տարիներին մեծ տարածում է գտել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Վիրահատության միջոցով մարդիկ փորձում են շտկել ձեռքբերովի և ի ծնե ունեցած թերությունները` հասնելով կատարյալ արտաքինի: Ըստ վիճակագրության` աշխարհում պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամենամեծ պահանջարկը վայելում է կրծքի վիրահատությունը` կրծքի մեծացումը իմպլանտների միջոցով, իսկ Հայաստանում` քթի վիրահատությունը: Panorama.am-ը թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ պլաստիկ վիրահատություններ են կատարվում Հայաստանում, և ովքեր են դիմում նման վիրահատությունների:
- Վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժության դիմողների քանակն ավելացել է, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իրոք, վերջին 3-4 տարիների ընթացքում վիրահատության դիմողների թիվն ավելացել է, սակայն պետք է նշեմ, որ դիմողների մեջ բավականին մեծ տոկոս են կազմում օտարերկրացիները: Մասնավորապես` պլաստիկ վիրահատության գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից: Այսինքն` հիվանդների քանակն ավելանում է նաև նրանց հաշվին: Չեմ բացառում, որ պատճառը վիրահատության մատչելի գներն են, սակայն պլաստիկ վիրահատության որակն էլ այստեղ բավականին բարձր է: Այդ պատճառով աճ է արձանագրվում:
- Կանայք են ավելի շատ դիմում, թե՞ տղամարդիկ:
-Բնականաբար, կանայք ավելի շատ են դիմում: Մոտ 80 տոկոսը կանայք են, 20 տոկոսը` տղամարդիկ: Վերջին տարիներին տղամարդիկ ավելի շատ են սկսել իրենց արտաքին տեսքին ուշադրություն դարձնել: Քթի, ականջների վիրահատությանը զուգահեռ, տղամարդիկ սկսել են դիմել նաև որովայնի հատվածի վիրահատության համար: Մինչդեռ նախկինում այդ տեսակի վիրահատությունը նրանց համար արգելված թեմա էր:
- Հայաստանում ցանկացած տեսակի պլաստիկ վիրահատություն հասանելի՞ է:
-Այո, ամեն տեսակի վիրահատություն կատարվում է Հայաստանում` այն էլ բարձր մակարդակով: Մենք միջազգային շուկայում հանգիստ կարող ենք մրցել, ինչը հաստատում է նաև օտարերկրյա հիվանդների թիվը: Մեր կենտրոնում կատարվում է պլաստիկ վիրաբուժության հետ կապված ցանկացած վիրահատություն` քիթ, ականջ, կուրծք, որովայն, դեմքի մաշկի ձգում, շրթունքների մեծացում, կնճիռների վերացում, ճարպերի հեռացում և այլն:
- Ձեզ մոտ ամենամեծ պահանջարկ ունեցող վիրահատությունը ո՞րն է:
-Քթի վիրահատությունը... Բոլոր ժամանակներում քթի վիրահատությունն ամենամեծ պահանջարկն ունի, ինչն, իհարկե, պայմանավորված է մեր ազգային և գենետիկ առանձնահատկություններով:
- Հայկական քիթն արդյոք այդքան տգեղ է, որ հայերը ցանկանում են այն փոխել, թե՞ պարզապես աստղերին նմանվելու ցանկությունն է մեծ:
-Շատ դեպքերում գալիս են վիրահատության հայտնի մարդկանց նկարները ձեռքներին, և նրանց քթից են ուզում: Առաջին տեղում Անջելինա Ջոլին է: Հայ աղջիկները Ջոլիի քթից են ուզում ունենալ, բայց պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ իդեալական է այն քիթը, որը համապատասխանում է նրանց դեմքի համամասնություններին: Դրա համար էլ բացատրում ենք, որ քիթը պետք է դեմքին ներդաշնակ լինի:
- Թեև վերջին տարիներին Հայաստանում մեծ պահանջարկ է վայելում քթի վիրահատությունը, այնուամենայնիվ, կրծքի պլաստիկ վրահատության դիմողներն էլ են ավելացել:
-Եւ ոչ միայն կրծքի վիրահատությունը: Հայաստանում ավելացել են նաև փորի պլաստիկան, հետծննդաբերական սպիների վերացումը և այլն: Կրծքագեղձերի վիրահատությանը հատկապես դիմում են մայրանալուց հետո, երբ կանայք կերակրում են երեխաներին, կուրծքը կախվում է, դրա համար կանայք դիմում են պլաստիկ վիրաբույժներին: Այդ դեպքում, կրծքագեղձի ձգում է կատարվում` կամ մաշկի հեռացումով, կամ կրծքագեղձի փոքրացումով, կամ իմպլանտի տեղադրումով, կամ էլ այդ բոլորը միաժամանակ:
- Իսկ ի՞նչ տոկոս են կազմում օնկոլոգիական խնդիր ունենալուց հետո կրծքի ձևը վերականգնել ցանկացող կանայք:
-Հիմա Հայաստանում ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, վիրահատության ընթացքում իմպլանտը միանագամից դնում են, եթե իհակե հնարավոր է դա դնել: Բայց եթե ամբողջ կրծքագեղձն են հեռացնում, այդ դեպքում, միայն որոշ ժամանակ անց, հնարավոր է իրականացնել հեռացված գեղձի վերականգնում:
-Ւսկ որ տիպի հաճախորդներն են ավելի շատ` ովքեր ցանկանում են վերականգնել առողջությունը, թե՞ ավելի գեղեցիկ դառնան:
-Դա հարաբերական է, կարող է լինել 50/50 տարբերակով, քանի որ գեղեցկանում են, որ ամուսնանան, երեխաներ ունենան, իսկ դրանից հետո փորձում են արդեն ի հայտ եկած խնդիրները վերացնել:
- Վիրահատությունից առաջ փորձո՞ւմ եք մարդկանց համոզել, որ հրաժարվեն վիրահատությունից:
-Իհարկե, լինում են դեպքեր, երբ համոզում եմ, որ այդ վիրահատության կարիքը չկա: Օրինակ` վերջերս մի կին էր եկել, որ քիթը վիրահատեի, գրեթե մեկ ամիս նրան համոզում էի` հրաժարվի այդ մտքից, քանի որ նրա քիթը շատ ներդաշնակ էր դեմքին, բայց նա այդ մասին լսել չէր ուզում, ստիպված վիրահատեցի, չնայած մի քանի փոքրիկ շտկումներ արեցի:
Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ գիտես, որ վերջնական տարբերակը չի կարող լինել այն, ինչ ուզում են, քանի որ վիրահատվողի ցանկությունը երբեմն չի համապատասխանում դեմքի կառուցվածքին: Այդ դեպքում համոզում եմ՝ հետ կանգնեն այդ մտքից:
- Որպես բժիշկ ինչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն դիմել պլաստիկ վիրահատության:
-Ես նրանց կմաղթեմ նախ հոգևոր գեղեցկություն: Մարմնի գեղեցկություն ստանալ հեշտ է, իսկ ներքին գեղեցկություն` ոչ: Մենք կարող ենք շտկել մարդու արտաքին թերությունները, իսկ ներքինը` ոչ: Հիշեք, որ արտաքին գեղեցկությունը երբեք լիարժեք չէ առանց ներքինի, իսկ առանց ներքին գեղեցկության արտաքին գեղեկցությունը կխամրի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան