Լեհ լրագրողը հիացած է «Magic Karabakh»-ով
Ազգությամբ լեհ Բլաժեյ Տորանսկին արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, ու արդեն այնքան հոգեհարազատ է այստեղ ամեն բան նրան, որ իր ընկերոջ ուղեկցությամբ է ժամանել Հայաստան և վերջինիս համար է բացահայտում Հայաստանը: Սակայն Բլաժեյը առաջին անգամ է, որ Արցախում էր, և երբ խնդրեցի երկու բառով ներկայացնել Արցախից իր ստացված տպավորությունները, առանց վարանելու պատասխանեց. «Magic Karabakh»:
Լեհ լրագրողների միության անդամ, «Sdp.pl» ինտերնետ-պորտալի լրագրող Բլաժեյի հոբբին ճամփորդություններն են, որոնց նա նվիրել է կյանքի մեծ մասը` եղել է 70-ից ավելի երկրներում, այդ թվում և Լատինական Ամերիկայում, Արևելքում: Իր համար շատ յուրատիպ է Կովկասը` Հայաստանն ու Վրաստանը, բայց նշում է, որ երբևէ չի մտածել Ադրբեջան այցելելու մասին, նման ցանկություն չի ունեցել. «Չի քաշում.... մագնետիզմ չկա ինձ համար այդ երկրում»:
Երբ նկատեցի, որ դժվար էլ այլևս կարողանա այցելել Ադրբեջան, անգամ եթե օրերից մի օր իր համար այդ երկիրը մագնետիզմ ձեռք բերի, քանի որ Արցախ այցելածներին Ադրբեջանը ջանասիրաբար ներառում է սև ցուցակի մեջ, Բլաժեյը միայն ուսերը թոթվեց ու նշեց. «Ոչինչ. Արցախը դա արժեր»:
Ամենամեծ տպավորությունը Բլաժեյի վրա գործել է Դադիվանքը: Տպավորությունների ներքո նա անգամ տեղադրել է Դադիվանքի լուսանկարը facebook-յան իր էջում ու վերնագրել. «Այնտեղ, ուր զբոսաշրջիկները չեն հասնում»: Իր այս գրառումը բացատրում է նրանով, որ Դադիվանք հասնելու համար լուրջ ջանքեր է անհրաժեշտ գործադրել, քանի որ ոչ ավտոբուս է այնտեղ հասնում, ոչ էլ տրանսպորտի այլ տեսակ, բայց անգամ իր ընկերների թվում գտնվել են մարդիկ, որ Դադիվանքի հմայքը անձամբ են տեսել, ինչպես և Գանձասարինը. «Շատ սիրեցի Արցախը, յուրատիպ է, անկրկնելի ու դյութիչ Արցախը»,- իր տպավորությունն ավելի ավարտուն դարձնելու համար ասաց նա:
Իսկ երբ հետաքրքրվեցի` Հայաստանն ու Արցախը նմա՞ն են, նա անմիջապես արձագանքեց` «երկու տարբեր մոլորակներ»:
Վաղը Բլաժեյը ընկերոջ հետ կմեկնի Վրաստան, որտեղից երկու օր անց կվերադառնա հայրենի Լեհաստան: Ասում է, որ հայերը չեն կարողանում իրենց երկիրը այնպես ներկայացնել օտարներին, որպեսզի նրանք ուզենան գալ ու տեսնել այս ամենը. «Թբիլիսին յուրատիպ է, հին, գեղեցիկ. Ինչո՞ւ Երևանն այդպիսին չէ, ինչո՞ւ չի պահպանել հնությունը: Ի վերջո, Երևանը Հռոմից էլ հին քաղաք է, այո՞: Բայց ձեր քաղաքում դա չես զգում, ինչո՞ւ»,- Բլաժեյի հարցերը մեկը մյուսին էին հետևում, սակայն ի՞նչ պատասխանես մի մարդու, ում երկրում կոռուպցիոն սկանդալից հետո պատգամավորը, որքան էլ իշխանական մեծամասնության ներկայացուցիչ չլինի, վայր է դնում մանդատը ու ընդմիշտ հեռանում քաղաքականությունից: Դժվար է, և կարծես նա դա հասկանում է…