Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Երևանյան խանութներում ձուն թանկացել է մինչև 20 դրամով: Սա են ցույց տվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի վերջին մեկշաբաթյա ուսումնասիրությունները:
ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին հայտնեց, որ համաձայն չէ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այն հիմնավորմանը, թե թանկացման պատճառը կերի բարձր գներն են:
Պիպոյանի խոսքով, կազմակերպությունը շարունակելու է շուկայի ուսումնասիրությունը, խնդիրը պահելու է ուշադրության կենտրոնում: Իսկ մինչ այդ ձվի թանկացման պատճառների իր տարբերակն է ներկայացնում.
«Իրականությունն այն է, որ մի քանի ընկերություններ դիմել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` ձու ներկրելու համար: Այսինքն, թանկացումը պայմանավորված է հանգամանքով, որ արտադրանքի ծավալները քիչ են, պահանջարկը` շատ, այսինքն կարելի է թանկ գնով իրացնել, ինչն էլ արվում է»:
ՀԿ նախագահը մտահոգություն ունի, որ ձուն հնարավոր է ներկրվի նաև Թուրքիայից, քանի որ արդեն նախարարի հրաման կա, որով թույլատրվում է Թուրքիայից բացի երկու օրական ճտերից, այլ սննդամթերք ևս ներկրել:
«Հիմա արդեն ամեն մթերք, ցավոք սրտի, կարելի է Թուրքիայից բերել: Չի բացառվում, որ այս երկրից էլ ձու ներկրվի»,-ասաց ՀԿ նախագահը:
Նա հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում հանրապետությունում ձվի արտադրության մեծ ծավալների շնորհիվ ձուն էժանացավ, ստացվեց մի այնպիսի իրավիճակ, երբ պահեստավորում էին նույնիսկ առանց մակնշման և հավկիթը մակնշվում էր վաճառքի հանելու օրը` նույնիսկ մեկ ամիս անց: Հիշեցրեց, որ խոսվում էր նույնիսկ ձվի արտահանման մասին: ՀԿ նախագահը փաստեց, որ ամբողջ աշխարհում կառավության ֆունկցիաներն ուղղվում են պարենային ապահովման քաղաքականությանը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
«Ցավոք սրտի, լրիվ հակառակ գործընթացն է տեղի ունենում, սննդամթերքի անվտանգությունն է դրվում կասկածի տակ: Այս դաշտում ով ինչ ուզում անում է, դրա հետևանքով արդեն խնդիրներ ենք ունենում սննդամթերքի անվտանգության առումով: Տարիների ընթացքում հարևան երկրները դարձան ինքնաբավ, իսկ մենք` ներկրող: Սա նշանակում է, որ տնտեսությունը կառավարվել է սխալ»,-ասաց նա:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին հաստատեցին, որ այս տարվա ընթացքում ծառայությանը սննդային ձու ներկրելու համար դիմել է 6 ընկերություն: Նրանցից երեքն արդեն հասցրել են Վրաստանից և Ուկրիանայից ձու ներկրել: Իսկ երեքը սպասում են իրենց հերթին:
Ծառայությունից չեն հստակեցնում, թե որ ընկերություններն են, ինչ քանակությամբ ձու են ներկրել, նախորդ տարիներին ինչքա՞ն ձու է ներկրվել: Հարցերին խոստացան պատասխանել առաջիկայում:
«Մեր գործառույթների մեջ չկա` պահանջել հիմնավորում, թե ինչու են ձու ներկրում»,-ասացին ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին