Թուրքիայում ոստիկանները ցուցարար են սպանել
Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ սպանվել է 22-ամյա մի ալևի:
«Ստամբուլում Գեզի զբոսայգու ցույցերից հետո ոստիկանների մահաբեր բռնություններն առանց ընդհատվելու շարունակվում են: Այս անգամ ոստիկանության թիրախում 22-ամյա Ահմեթ Աթաքանը եղավ»,- ըստ «Ermenihaber.am»-ի` գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Հաթայի բողոքի ակցիան նվիրված է եղել Գեզիի ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջին: Ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որի ժամանակ էլ սպանվել է Ահմեթ Աթաքանը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` երիտասարդը սպանվել է գլխի շրջանում ստացած գազային պարկուճից ստացված վնասվածքի հետևանքով: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ Գեզիի ցույցերի ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել էր 5 ցուցարար: