Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 44 մարդ է մահացել. ՀՀ ԱԳՆ նախնական տվյալներով հայեր չեն տուժել
«Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 44 մարդ է մահացել, 39-ը՝ վիրավորվել»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ճանապարհային ոստիկանության պետ Էսքանդար Մոումենին:
Տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի գիշերը Իսֆահանից Թեհրան ուղևորված «Սկանիա» մակնիշի ավտոբուսը Ղոմ-Թեհրան ճանապարհի 28-րդ կմ-ի հատվածում, առջևի անվադողի վնասվելու հետևանով, խախտելով կառավարելիությունը, բախվել է մարդադար «Հյունդայի» մեքենային, ինչի հետևանքով 44 մարդ զոհվել է, 39-ը՝ վիրավորվել:
ԻԻՀ ճանապարհային ոստիկանության պետի խոսքով՝ «Սկանիա» ավտոարտադրող ընկերությունը այդ վթարի առաջացման գործում 50 տոկոս մեղավորություն ունի:
Հավելենք, որ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի միջոցով տեղեկացրել է, որ Թեհրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների համաձայն, Իրանում ավտովթարի արդյունքում զոհվածների և տուժածների թվում հայեր չկան։