Ընդամենը ընթացիկ, աշխատանքային հայտարարություն է արել. Իսկանդարյանը` Ուորլիքի մասին
Հայտարարությունների միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձևաչափի մեջ որևէ փոփոխություն տեղի ունենալ չի կարող,-անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այսօր արված հայտարարությանը, panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նշենք, «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է կողմերի կամքը:
«Արդեն 21 տարի է անցել Լեռնայի Ղարաբաղի հակամարտության սկսվելուց: Եկել է ատելությանն ու տառապանքներին վերջ տալու ժամանակը: Եկել է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա կողմերի համատեղ աշխատանք սկսելու ժամանակը: Եկել է Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի երկրների համատեղ գործունեության ժամանակը»,- նշել էր ամերիկացի համանախագահը:
«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնում նոր մարդ է նշակվել, ով և փորձում է կատարել իր պարտականությունները: Հայտարարությունների միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձևաչափի մեջ որևէ փոփոխություն տեղի ունենալ ուղղակի չի կարող: Առհասարակ` ես չեմ տեսնում գործընթացի ձևաչափի փոփոխության ոչ մի հնարավորություն: Իրավիճակի վրա դրանք նույնպես որևէ ազդեցություն չեն ունենա: Հետևաբար, իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին որ կա»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատի և նմանատիպ հայտարարությունները նրա գործունեության գործիքներից մեկն են` լավ է դա, թե` վատ: Մենք, տարածաշրջանից հայացք նետելով, շատ հաճախ գերագնահատում ենք ցանկացած բառի, նույնիսկ ստորակետի ազդեցությունը: Սա ընդամենը ընթացիկ, աշխատանքային հայտարարություն էր»,- հավելեց բանախոսը: