Դ. Մեդվեդև. Մաքսային միությանը միանալը Հայաստանի առաջ կբացի լրացուցիչ հնարավորություններ
«Ոգևորիչ է Մաքսային միությանը Հայաստանի միանալու, ապա Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին հայտարարությունը»: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ ՌԴ փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածության ստեղծման հենց սկզբից և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում մենք ասել ենք, որ այդ նախագիծը բաց է մեր գործընկերների առաջ, ամենից առաջ` ԱՊՀ-ի մեր գործընկերների: Եվ ոգևորիչ է, որ նախագահների հանդիպման ժամանակ հայտարարվեց Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միությանը Հայաստանի միանալու, ապա Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին: Մենք, անկասկած, աջակցում ենք հայ գործընկերների այդ որոշումը: Մենք շատ սերտ տնտեսական կապեր ունենք Հայաստանի հետ` չխոսելով քաղաքական և այլ կապերի մասին: Կյանքի են կոչվում համատեղ ենթակառուցվածքային նախագծեր, և, իհարկե, Մաքսային միությանը միանալը Հայաստանի առաջ կբացի լրացուցիչ հնարավորություններ»,- նշել է Դ. Մեդվեդևը:
Միաժամանակ ՌԴ վարչապետը նկատել է, որ այդ գործընթացում Հայաստանի հետ կապված կա առանձնահատկություն` «հաշվի առնելով, որ ներկա դրությամբ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության պետությունների հետ»:
«Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումների հատուկ համալիր»,- նշել է Դ. Մեդվեդևը` չմանրամասնելով, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոկսվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը: Նշելով, որ Մաքսային միությանը միանալու որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից` նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ դա չի նշանակում հրաժարվել եվրոպական կառույցների հետ երկխոսությունից: