Ստեղծվել են Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ. «Փաստում ենք, որ այս խոստումը նույնպես կատարված է»
Մենք հավատացած ենք, որ Հայաստանի ապագան գիտելիքահենք տնտեսությունն է: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: «Մենք այս ոլորտում ներդրումներ ենք կատարել, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն հայ տաղանդաշատ մասնագետների համար: Առաջիկա ամիսներին, տարիներին դեռ կլսեք կրթական ոլորտում ԱՄՆ կողմից իրականացված աշխատանքների մասին, որոնք միտված են աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց դեսպանը:
Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ:
Համալսարանում այսօր շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված ներդրումներին, ծրագրի համաձայն ստեղծված պայմաններին, լաբորատորիաների հնարավորություններին ու ծրագրի հեռանկարին: Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ ստեղծելու ծրագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման միջոցով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ լաբորատորիաները կսպասարկեն ՀՊՃՀ վեց ֆակուլտետների 24 մասնագիտություններով սովորող ուսանողների (տարեկան շուրջ 2000 ուսանող), որոնց կտրամադրվի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն:
Նախագծի գործընկերներ և համաֆինանսավորողներն են՝ ՀՀ կառավարության, ՀՊՃՀ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ու ճարտարագիտական աշխարհում խոշորագույն «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերությունը: Պետություն - մասնավոր հատված - միջազգային կազմակերպություններ համագործակցության արդյունքում ստեղծվել է ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա: Այս գործընկերության շնորհիվ ստեղծվել են ժամանակակից ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` հագեցած առաջատար ընկերությունների ճարտարագիտական սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ:
ՀԱՃԼ-ը չորս հարկ է զբաղեցնում ՀՊՃՀ թիվ 10 մասնաշենքում: Տարածքն ընդգրկում է ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ համալսարանի 6 հիմնական բաժինների 30 մասնագիտացումներով, այդ թվում` կիբերնետիկա, ռադիոճարտարագիտություն և հեռահաղորդակցության համակարգեր, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա ու մեքենաշինություն, և տրանսպորտ:
ՀԱՃԼ-ը ուսանողներին կտրամադրի տեխնիկական ուսուցում և հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար: Ռեսուրսները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված կողմերի համար, ինչպիսին են գիտահետազոտական ինստիտուտները, այլ համալսարաններն ու մասնավոր հատվածը: Նախագծի արժեքն է 6 մլն դոլար է, մինչև այժմ ներդրումների ընդհանուր չափը կազմել է շուրջ 4,5 մլն դոլար:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների ներկայացրեց նախագծի մի քանի առանձնահատկությունները. «Իրականացնող կողմերը ոչ թե պետական մարմիններն ու մասնավոր ընկերություններն են, նաև միջազգային կառույցները: Մեր անկախության տարիներին բուհական համակարգում ժամանակակից լաբորատորիաներ ստեղծելու և կրթական ժամանակակից միջավայր ապահովելու ուղղությամբ ամենախոշոր միանվագ ներդրումն է: Բարձրագույն կրթության արդիականացման խնդիրները, մասնավորապես ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը եղել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում որպես կարևոր դրույթ կրթության ոլորտին վերաբերող հարցերի շարքում: Փաստում ենք, որ այս խոստումը նույնպես կատարված է»: Ըստ նրա, այսքանով չի սահմանափակվում պետության ուշադրությունը և ներդրումները բուհական համակարգի արդիականացման մեջ: Նախարարի խոսքով, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող ներդրումային ծրագրերը շարունակվելու են:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ կարևոր է զարգացող տնտեսության համար ապահովել կարևորագույն և որոշիչ բաղադրիչ՝ սպասարկող որակյալ անձնակազմ: «Այս առումով գիտատար տնտեսություն ձևավորելը, որը իսկապես Հայաստանի ապագան է, անցնում է ճարտարագիտական կրթության ու ճարտարագիտական հետազոտության միջով: Սա է այն հիմնավորումը, որը հիմք դարձավ բոլոր կողմերի համար համաձայնության գալ այս ծրագրի մասով և նախաձեռնել այս ծրագիրը: Սա կնպաստի, որ մեզ մոտ սովորող ինժեներներն արդեն պատրաստված մտնեն տնտեսություն»,- ասաց նա: Ա. Ավետիսյանը նույնպես ընդգծեց, որ ստեղծվելու են ըստ ոլորտների նոր լաբորատորիաներ. «Կարևոր է, որ նախագահը, դեսպանը փաստագրեցին, որ սա կարող է լինել շատ լուրջ ծրագրի սկիզբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում