«Տաթևեր» ճոպանուղին նվազեցրել է Տաթև գյուղից միգրացիոն հոսքերը. Ճոպանուղու տնօրեն (տեսանյութ)
«Տաթևեր» ճոպանուղում այս տարի զբոսաշրջիկների ակտիվությունը սպասվածից մեծ էր. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 12-14 տոկոս աճ: Այդ մասին Սյունիքի մարզում, հենց ճոպանուղու հարևանությամբ փոքրաթիվ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
Նա վստահեցրեց, որ ճոպանուղին տեխնիկապես իդեալական վիճակում է և վեց ամիսը մեկ այստեղ տեխզննումներ են կատարվում` Հայաստանի տեխնիկական անվտանգության կենտրոնի և շվեյցարացի մասնագետների կողմից:
Վերջին երեք տարիների ընթացքում, ինչ ճոպանուղին սկսել է աշխատել, 200 հազարից ավելի այցելու են սպասարկել: Բացի այդ, ինչպես ասաց տնօրենը, Տաթևի ու հարակից գյուղերի բնակիչների համար 65 աշխատատեղ է ապահովվել: «Հարակից համայնքների բնակիչները օգտվում են արտոնյալ պայմաններից և ճոպանուղու տոմսը վճարում են 500 դրամ», -շարունակեց Մելիքսեթյանը:
Ճոպանուղու տնօրենը ասաց նաև, որ տարածքը տուրիստական կենտրոն դարձնելու համար դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, սակայն մինչև այդ էլ զբոսաշրջիկների ակտիվություն նկատում են:
Մի առիթով Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը պատկերավոր նկատել էր, որ «Տաթևեր» ճոպանուղին գյուղում կյանքը չի աշխուժացրել և անգամ մի երեխա չի բերել գյուղ: Ճոպանուղու տնօրենն ի պատասխան արձագանքեց կատակով. «Մեր աշխատողները ամուսնացել են և շուտով կլինի երեխա, բայց նաև Տաթևին տվեց մեծ շարժ, տուրիստական հոսք: Միգրացիոն հոսքերը միանշանակ պակասեցին, ինչը պայմանավորված էր աշխատատեղերի ստեղծմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները