Տաթևի կայծակնահարված բիոզուգարանը շարունակում է չաշխատել (տեսանյութ)
«Տաթևեր» ճոպանուղուց դուրս եկող և Տաթև գյուղ այցելած զբոսաշրջիկներին առաջին հերթին դիմավորում է հանրահայտ բիոզուգարանի արծաթագույն «շենքը»: Բիոզուգարանի` կանանց ու տղամարդկանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված դռների վրա սևով սպտակի վրա և հայերեն, և անգլերեն գրված է` «չի աշխատում»:
Տաթևի գյուղապետին հոգնեցրել են բիոզուգարանների մասին լրագրողների մշտական հարցերը: «Ասում են կայծակից է փչացել: Էս վերջերս եկել են վերանորոգել, բայց մի օր է աշխատել: Խնդրել եմ հանեն էստեղից, որ ինձ շատ հարցեր չտան», -ժպտալով ասաց գյուղապետը:
Նշենք, որ նույն ճակատագրին է արժանացած նաև Երևանում Սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցու հետնամասում տեղադրված բիոզուգարանը: Հիշեցնենք` կառավարությունը դեռ նախորդ տարի երկու զուգարանները Հայաստան բերելու համար պետական բյուջեից հատկացրել էր 124 մլն դրամ:
Փոխարենը, գյուղապետի խոսքով, այդ գումարով կարելի էր համայնքի զարգացման ծրագիրը կյանքի կոչել: Զարգացման ծրագիրը ենթադրում է թոնրատների բացում, գյուղատնտեսական շուկայի բացում, ինչի շրջանակներում, ըստ Մուրադ Սիմոնյանի, հնարավոր կլինի գյուղի 16 ընտանիքի ապահովել աշխատանքով: Այժմ գյուղում ապրում է 860 բնակիչ կամ 220 ընտանիք ունի գյուղը: Գյուղապետը հպարտանում է` երիտասարդ ընտանիքները չեն լքում գյուղը: Այս գյուղում խնդիրն այն է, որ քիչ են ամուսնանում և երեխաներ քիչ են ունենում: «Եվ անցած տարի, և այս տարի երեք առաջին դասարանցի է ունեցել գյուղի դպրոցը: Ասեմ, որ շատ երիտասարդներ ունենք մինչև 32-35 տարեկան` և տղաներ, և աղջիկներ, որոնք չեն ամուսնանում», -ասաց Սիմոնյանը:
Պատճառը, ըստ գյուղապետի, աշխատատեղերի պակասն է: «Հիմա գյուղա, պարզա որ գյուղատնտեսությամբ պետք ա զբաղվեն, բայց ցանկություն կա, որ այստեղ լինի արտադրություն, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: Գյուղատնտեսությունից երիտասարդները մի քիչ խուսափում են», -հավելեց Մուրադ Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները