Ա. Թավադյան. Մաքսային միությանը միանալը կապահովի Հայաստանի տնտեսական անվտանգությունը
«Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարությունը անսպասելի չէր, քանի որ դեռ 2011թ.-ին ստորագրվել, ապա վավերացվել է ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Մաքսային միությանը միանալը այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Մաքսային միության և ԵվրԱզԷս–ի հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների տնտեսական հաշվարկները, որոնք իրականացվել են Զարգացման եվրասիական բանկի հետ համատեղ, նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը առաջին հերթին կլինի ոչ թե զուտ առևտրային պայմանագիր, այլ տնտեսական անվտանգության պայմանագիր, որը, ըստ նրա, ընդհանուր անվտանգության մաս է կազմում և իր մեջ ներառում է առանցքային էներգետիկ և տրանսպորտային անվտանգությունը: Տնտեսագետի խոսքով, դա իր բնույթով կլինի նաև աննախադեպ ներդրումային և զբաղվածության աճի պայմանագիր:
«Այս երեք առանձնահատկություններն են, որոնցով Մաքսային միությանը միանալու պայմանագիրը տարբերվում է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից»,- ասաց պրոֆեսոր Ա. Թավադյանը:
Վերջինս համեմատություններ անցկացրեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների և ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու ազատ առևտրի վերաբերյալ եվրոպական «Ecorys» ընկերության փորձագետների ուսումնասիրությունների միջև և փաստեց, որ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու արդյունքում ՀՀ-ի համախառն ներքին արդյունքը երկարաժամկետ հեռանկարում կարող է աճել մինչև 2,3%, իսկ Մաքսային միության պարագայում ՀՀ-ի ՀՆԱ-ն կարճաժամկետ հեռանկարում կաճի միանգամից 4%-ով:
«Մաքսային միությանը միանալու դեպքում ՀՆԱ-ի աճը պայմանավորված կլինի առաջինը երկաթուղային հաղորդակցության ոլորտում ուղղակի ներդրումներով, որը կկազմի մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար: Սա մեծ օգուտ է Հայաստանի պարագայում, մանավանդ, որ Եվրամիությունը Իրանի հետ կապված խնդրի առումով այդ ոլորտում նման նախագծեր չունի: Մաքսային միությանը միանալը իր հերթին մեծացնում է Աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունը: Հաջորդը` Եվրասիական բանկի ներդրումն է` 100 մլն ԱՄՆ դոլար: Երկրորդ բլոկը կարևորագույն էներգետիկ բլոկն է. դա Հայկական ատոմակայանի հետագա շահագործման հնարավորությունն է և նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը, գազի գնի իջեցումն է 30%-ով, գազի գինը 270 ԱՄՆ դոլարից ավտոմատ կդառնա 187 ԱՄՆ դոլար: Միայն գազի գնի իջեցումը ՀՆԱ-ի 1% աճ կապահովի: Նույնը կվերաբերի նաև բենզինին»,- նշեց տնտեսագետը:
Նա կարևորեց նաև Հայաստանի արտադրական հնարավորությունները, որոնք, տնտեսագետի խոսքով, ուղղակիորեն կապված են զբաղվածության խնդրի հետ: Այս ոլորտում նա հնարավոր համարեց «Նաիրիտ» գործարանի վերականգնումը: Ա. Թավադյանը նաև փաստեց, որ կլինեն պետպատվերներ Մաքսային միության երկրների կողմից, որը ևս զբաղվածության խնդրի լուծման լրացուցիչ հնարավորություններ կտա:
«Մյուս բլոկը վերաբերում է միգրացիային: Դա ևս մեզ կտա ՀՆԱ-ի 0,25% աճ, քանի որ կհեշտացվի միգրանտների աշխատանքի տեղավորման, վարչական խնդիրների վերացման հարցերը: Սա հնարավորություն կտա ավելի մեծ տրանսֆերտներ ուղարկել Հայաստան: Բայց դա չի նշանակում, որ միգրացիան կաճի Հայաստանից: Միգրացիայի աճի փոփոխություն չի սպասվում, քանի որ այդ պայմանագրով աշխատատեղերի կտրուկ ավելացում կլինի Հայաստանում»,- ընդգծեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում