Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
«Զարգացող համայնքներ, հզոր մարզ» կարգախոսով այս օրերին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում նախընտրական քարոզչություն է ծավալում Հանրապետական թեկնածու Արմեն Կարապետյանը:
Հիշեցնենք` այս ընտրատարածքից նախորդ ընտրություններում ընտրված Վահե Հակոբյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ, և այդ տեղը թափուր էր մնացել: Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել էր առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին, որը 2008-ի Կապանի քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Դաշնակցական թեկնածուին:
Նախկին պաշտոնյան Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է տարածաշրջանի հիմնախնդիրներին ու պատրաստ է լուծել դրանք: Բնակչության հետ հանդիպումների ժամանակ, ասաց, որ զգում է` մարդիկ վստահում են իրեն: «Ես Կապանի քաղաքապետ եմ եղել և այդ տարիների ընթացքում շատ հիմնախնդիրներ եմ լուծել: Մարդիկ էսպիսի մի խոսք ունեն` ինքը փորձված մարդ է, և շատ գործեր է կարողանում անել: Հիմնականում իմ քարոզարշավի ժամանակ մարդկանց մոտ էդպիսի տպավորություն կա ու ասում են` դե ինքը շատ փորձված է ու կարող ա էս գործը կատարի», -ներկայացրեց թեկնածուն:
Բացի այդ, թեկնածուն սյունեցիների վստահությունը շահելու ձևը գտել է: «Քարոզարշավի ժամանակ տեսնում եմ մարդկանց, իսկույն զգում եմ, որ մարդկանց մոտ կան հիմնախնդիրներ, որոնք կարելի է չլուծել, բայց մարդկանց մոտ վստահություն ձեռք բերել: Իրականում բացատրել, որ այդ հիմնախնդիրները կառավարությունն էլ է իմանում, ուղղակի պետք է հնարավորություն տալ` այդ գործերը կատարելու համար: Քարոզարշավի ժամանակ զգում եմ մարդկանց վստահությունը և երբ սկսում եմ խոսել, զգում եմ մարդկանց հոգեբանությունը: Մարդիկ ուզում են ավելի անկեղծ փոխհարաբերություն, թեկուզ չարածի համար անկեղծ խոստովանություն: Իրենք էլ հասկանում են, որ կարելի է մարդկանց նկատմամբ փոխադարձ հարգանքով ստեղծել այնպիսի մի քարոզչական վստահություն, որ հետագայում մարդիկ վստահեն»:
Ինչ վերաբերում է Կապանի քաղաքապետի ընտրություններում պարտվելուն, ապա Կարապետյանն ասաց, որ դրան թեթև է վերաբերում: «Ընդհանրապես, եթե ընտրության մասնակցում ես, ապա մեկը հաղթում է, մյուսը պարտվում: Ես ընդունել եմ իմ պարտությունը: Ես երկու անգամ հաղթել եմ, մեկ անգամ պարտվել: Հետո ես ավելի շատ այդպես էլ վատ չեմ զգացել, հասկացա, որ դա վատ բան չէ», -հավելեց պատգամավորի թեկնածուն:
Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում բացի Արմեն Կարապետյանից առաջադրվել են ևս երկու թեկնածուներ` «Ժառանգություն»-ից Սամվել Հայրապետյանը և ինքնաառաջադրված Վահրամ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև`
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները