Կենսաթոշակային նոր համակարգի արդյունավետությունը ապահովելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կիրականացվի նոր ծրագիր (Տեսանյութ)
Այսօր պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը (PRIP): Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից, հիմնական կապալառուն Chemonics international ընկերությունն է: Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը ձևավորելու և հզորացնելու համապատասխան մարդկային և կառուցվածքային կարողությունները կենսաթոշակային նոր համակարգի արդյունավետ ներդրմանը նպաստելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, USAUD/PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, ծրագիրն իրականացնող Քեմոնիքս ընկերության փոխնախագահ Թերի Կրիստալսկին, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կառավարությանը և ՄԶԳ-ին Հայաստանին ցուցաբերած օգնության համար: Ըստ նրա` դժվար է պատկերացնել, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ոլորտում կունենային նման ձեռքբերումներ` առանց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության:
Նա նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների շարունակականությունը ապահովելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի hետ միասին սկսում են նոր ծրագիր, որը թույլ կտա նոր իրողությունների ներքո ձևավորել Կենսաթոշակային բազմաստիճան համակարգի արդեն ամբողջական ենթակառուցվածքը, ապահովել կարողությունների շարունակական հզորությունը: «2014թ. հունվարի 1-ից բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը նոր խնդիրներ է առաջադրում մեզ համար: Այդ նպատակով ավելի քան 5 տարի նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել և արդեն հասնում ենք դրանց գործնական կիրառմանը»,- ասաց նախարարը` հավելելով, որ այդ առումով USAID-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքերն արդեն տեսանելի են դառնում, մասնավորապես, նոր տեղեկատվական համակարգի ներդրմամբ այսօր լիարժեք տիրապետում են 500 հազար կենսաթոշակառուների տվյալների:
Այնուամենայնիվ, ըստ Ա.Ասատրյանի, այս ամենը դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Ըստ նրա` կենսաթոշակային բարեփոխումների առումով դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, մասնավորապես, առաջնահերթ խնդիրներից մեկը վերլուծական կարողությունների հզորացումն է: «Ունենալ տեղեկատվական համակարգ, ունենալ համապատասխան համապարփակ տեղեկատվություն և չիրականացնել վերլուծություններ, բնականաբար, խնդիրներ կունենանք»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ այդ առումով ծրագրի ներքո ներառել են այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծելու առաջնահերթ խնդիրները:
Ա.Ասատրյանը հավաստիացրեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու և առաջիկա տարիների ընթացքում առարկայական արդյունքներ կարձանագրեն:
Ծրագրում ներառված հաջորդ կարևոր ուղղությունը վերաբերում է ինտերգրված սոցիալական համակարգի աջակցությանը: Նախարարի խոսքերով` այդ նպատակով վերջին 3-4 տարիներին Համաշխարհային բանկի հետ իրականացրել են մի շարք աշխատանքներ, որոնց արդյունքում ձևավորվել են 19 կենտրոններ: Դրանք, ըստ Ա.Ասատրյանի, ամբողջությամբ փոխում են սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների մատուցումն ու որակը: Այդ աշխատանքները նույնպես շարունակական են լինելու և նախատեսվում է առաջիկա տարիներին ՀԲ-ի աջակցությամբ հանրապետությունում ձևավորել նմանատիպ 55 կենտրոն, որտեղ քաղաքացիներին կտրամադրվի որակյալ ծառայություններ:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար կներդրվի 3 մլն 800 հազար ԱՄՆ դոլար, որը կուղղվի մասնագետների վերապատրաստմանն ու կենսաթոշակային արդյունավետ համակարգի մշակման գործընթացին: «USAID-ի աջակցությամբ ՀՀ կառավարությունը շարունակում է բարելավել սոցիալական ապահովության համակարգի արդյունավետությունը և կայունությունը: Համագործակցության արդյունքում Հայաստանի կառավարությունը ընդունել է նոր օրենքներ կենսաթոշակային բարեփոխումների համար: Այդ պահից սկսած մենք միասին պատրաստվում ենք 2014թ-ից մեկնարկելու նոր կենսաթոշակային համակարգը»,- ասաց Ք.Հիլիարդը:
Նա նշեց, որ թոշակառուներին ավելի լավ ծառայություններ տրամադրելու նպատակով պատրաստ են աջակցելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Բացի այդ, համագործակցելու են ֆինանսների նախարարության և Կենտորնական բանկի հետ` ապահովելու կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը:
«Քանի որ ՀՀ կառավարությունը ակնկալում է, որ աշխատողները կենսաթոշակային ֆոնդին տրամադրեն իրենց աշխատավարձի մի մասը, ապա կառավարությունը պատասխանատու է այդ ֆոնդերի խելացի կառավարման համար: Այդ նպատակով անհրաժեշտ է վստահություն ձևավորել քաղաքացիների շրջանում հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով»,- ասաց Ք.Հիլիարդը: